Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ հանրային խորհրդի անդամ նշանակվելուց հետո հայտնվել է քննադատության թիրախում: Որոշ շրջանակների կարծիքով՝ Գագիկ Մակարյանը դատավորի կեցվածք է ընդունել, իսկ վերջին ելույթները ստիպել են արձանագրել, որ նա ՀՀ մոտ 35 հազար գործատուներից ներկայացնում է 3-ին կամ 4-ին:
Բացի այս, քննադատող շրջանակները Գագիկ Մակարյանին հորդորում են հրապարակել, թե քանի քաղաքացու է տեղավորել աշխատանքի կամ ինչ դարակազմիկ լուծումներ է տվել գործատու-աշխատող հարաբերություններում։
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, Ձեզ որոշ շրջանակներ կոչում են «ֆեյք գործատու» եւ ասում են, որ դատավորի կեցվածք եք ընդունել, ՀՀ մոտ 35 հազար գործատուներից ներկայացնում եք 3-ին կամ 4-ին:
-(Ծիծաղում է- Ս.Հ.) Ինչ հետաքրքիր բաներ եք ասում: Մենք ոչ թե աշխատող տեղավորելու համար ենք, այլ գործատուների միություն ենք: Կարող ենք մեր անդամների մոտ նայենք թափուր տեղեր կան, օգնենք… ու օգնում ենք, որ մեզ դիմում են: Մերը իրավաբանական անձերի միություն է, մեզ անդամակցում են ուղիղ ձեւով, կամ ասոցիացիաները գալիս մտնում են մեր կազմի մեջ: Այդկերպ մեզ միացել են ՀՀ թռչնաբույծների, փաթեթավորողների, ֆերմերների, մեղվաբույծների եւ այլ միություններ: Ուղղակի ես քանի որ պահանջածով խիստ եմ ու նաեւ քսմսվել չեմ սիրում, դրա համար շատերը խանդում են: Շատ բնական է այդ ռեակցիան, բայց դրա հետ միաժամանակ շատ մարդիկ ինձ այս օրերի ընթացքում զանգում շնորհավորում են ու շատ ուրախացել են: Նաեւ ասեմ, որ միակ միությունն է, որ կարողանում է ինքնաբավ գործել: Տեսեք, միություններ կան, անունները չտամ, որոնք որ դերակատարություն կունենան երկրում մասնավոր համայնքի շահերը ներկայացնելու հետ կապված, լռված վիճակում են: Կան, որ չեն խոսում, չեն երեւում կամ էլ փորձեցին մի քանի բան իրենց խելքով կառավարությանը հաճոյանալ, բայց տեսան՝ այդ ձեռագիրը չի անցնում, նախկին ժամանակները չեն, որ այդ ձեւով կարող էին աշխատել: Իսկ մենք սկզբունքային ենք: Մենք կոնֆերանսներ ենք անում, գրքեր ենք հրատարակում: Մենք այսօր ունենք 13 հազար 906 անդամ: Ամենամեծն ենք թվաքանակով Հայաստանում եւ շատ լավ համագործակցում ենք դրսի հետ:
-Իսկ այդ ամենի արդյունքում Հայաստանի տնտեսական կյանքում դրական տեղաշարժ տեղի ունեցե՞լ է:
-Թող ինչքան ուզում են, ասեն, մենք մասնակցություն ունեցել ենք հարկային օրենսդրության փոփոխություններում, ՓՄՁ ռազմավարության մեջ էական դերակատարում ունենք, անցած տարի այդ թեմայով մեծ վերլուծություն արեցինք եւ մեծ կոնֆերանս էինք կազմակերպել, սոցիալական գործընկերության մոդելի, աշխատավարձի քաղաքականության մեջ, արտահանման խթանման հարցերում, համայնքների զարգացման հետ կապված ծրագրեր եմ գրել ուղարկել: Այնպես որ, ինչ ուզում են, թող ասեն: Մենք շատ նպաստում ենք, որ ձեռնարկատիրական մշակույթը խթանվի Հայաստանում: Այսինքն՝ ձեռնարկությունները լինեն ավելի թափանցիկ, աշխատողին գնահատող, պայմանների մասին մտածող, արդյունավետ:
-Իսկ նպաստելը ի՞նչ տեսքով է եղել: Կոնֆերանսների՞…
-Մենք առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը: Հիմա մենք նոր առաջարկների փաթեթ ենք պատրաստում: Օրինակ, ՓՄՁ-ների ոլորտում անցած տարի լուրջ առաջարկներ տվեցինք Էկոնոմիկայի նախարարությանը, եւ բավականին դրական արդյունք կունենա ռազմավարության մեջ, որը որ ապագայում արդեն կլավանա: Նորություն չեն այդ խոսակցությունները. առաջին շրջանում էլ շատ խանդողներ կային, ուղղակի մեր կոնկուրենցիային չեն դիմանում եւ միակ լավագույն ճանապարհը գտնում են բամբասելու եւ տգեղ, տգետ կարծիքներ արտահայտելու մեջ:
-Պարո՛ն Մակարյան, այնուամենայնիվ, քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հացում ինչ-որ ներդրում ունեցե՞լ եք, թե՞ ոչ:
-Աշխատողների համար, օրինակ, տեսեք, աշխատանքի անվտանգությունը, աշխատանքային պայմանները, Աշխատանքային օրենսգիրքը գլոբալ առումով կարգավորում է, չէ՞, այդ հարաբերությունները: Մենք այդ կարգի փաստաթղթերի վրա ենք աշխատել: Մենք գործատուներին հորդորում ենք ստվերից դուրս գալ, քայլերով կամաց-կամաց առաջ ենք գնում: Ինձ համար նորություն չեն այդ բամբասանքները: Ես բավականին պրոֆեսիոնալ եմ, սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներին տիրապետում եմ, այդ պատճառներով բոլորը վախեցած են, որ ես հայտնվել եմ այնտեղ (խոսքը Հանրային խորհրդի մասին է-Ս.Հ..), որտեղ նավթալինի հոտ փչող կարծիքները պետք է աստիճանաբար փոխվեն:
-Իսկ ինչպե՞ս եք հայտնվել այդտեղ: Ու՞մ կողմից եք առաջարկ ստացել:
-Ստյոպա Սաֆարյանից է՛լ, կառավարությունից է՛լ… կառավարության կողմից եմ նշանակվել որպես ներկայացուցիչ:
-Որոշ շրջանակներ հորդորում են Ձեզ հրապարակել, թե քանի աշխատող եք տեղավորել աշխատանքի եւ ինչ լուծումներ եք տվել գործատու-աշխատող հարաբերություններում:
-Այդ ասողները թող նայեն մյուս ասոցիացիաներին եւ պարզեն՝ ինչով են զբաղված եւ ինչ են անում: Մենք արհմիություն չենք, որ մարդ տեղավորենք աշխատանքի: Այդ մասին նույնիսկ մեր կանոնադրության մեջ չկա: Սխալ են հասկանում: Ինձ շատերն են դիմում աշխատանքի տեղավորման համար, ինչքան կարողանում ենք, տեղավորում ենք: Վերջին հաշվով մասնավոր բիզնես է. եթե այդ կադրն իրեն հարմար չէ, տեղ չունի, համապատասխան գիտելիքներ չունի, ինչո՞ւ պետք է վերցնի աշխատանքի: Ես էլ կոռեկտ անձնավորություն եմ, չեմ կարող ստիպել ու ասել, որ որպես գործատուների միության նախագահ ես եմ ասում, ուրեմն պետք է տեղավորես: Այդպես չէ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ
2020թ. հունվարի 17-ին կայացել է Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց էր: Առաջինը վերաբերում էր համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը հաստատելուն: Օրակարգի երկրորդ հարցը Իջեւան համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին էր: Ավագանու նիստը վարում էր Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ավագանին քվեարկությամբ որոշեց հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2020թ. տարեկան բյուջեի ճշգրտված նախագիծը՝ 679 միլիոն 411 հազար 200 դրամ եկամուտների եւ 686 միլիոն 756 հազար 500 դրամ վարչական բյուջեի, 64 միլիոն 292 հազար 700 դրամ ֆոնդային բյուջեի, ընդամենը՝ 751 միլիոն 49 հազար 200 դրամ ծախսերի գծով: Համայնքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 71 միլիոն 638 հազար դրամ, որի ծածկմանն է ուղղված 71 միլիոն 638 հազար դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում՝ 7 միլիոն 345 հազար 3 դրամ վարչական եւ 64 միլիոն 292 հազար 700 դրամ ֆոնդային բյուջեի մասով: Հարցի քվեարկության ժամանակ ավագանու անդամները միանշանակ դիրքորոշում չեն դրսեւորել. ավագանու 9 անդամներ կողմ են քվեարկել, 2-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ:
ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼ Է
Իջեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Մհեր Գառնիկի Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Իջեւան քաղաքի «Մագնոլիա» գեղեցկության սրահում ծեծի է ենթարկել իր նախկին կնոջը՝ Ի. Թ.-ին, քաշել նրա մազերից, ձեռքով հարվածներ հասցրել գլխին, ոտքով մեկ անգամ հարվածել կնոջ ոտքին՝ նրան պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող աջ ազդրի շրջանի արյունազեղման ձեւով մարմնական վնասվածք եւ ֆիզիկական ցավ: Նախկինում չդատված Մհեր Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ 100 000 դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Մհեր Վարդապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է հունվարի 29-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Տավուշի մարզում մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը»: Մարզի համայնքներում փորձնական այդ ծրագրի վերաբերյալ գյուղացիական տնտեսություններին իրազեկում է կատարվում։
Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տվել, որ գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված՝ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի տվյալ ոլորտում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար։ Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որեւէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ): ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները։ Գարնանային ցրտահարության ռիսկի դեպքում պայմանագրերը կնքվում են մինչեւ 2020թ. փետրվարի 15-ը, կարկուտի եւ հրդեհի ռիսկերի դեպքում ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետն է մինչեւ 2020թ. մարտի 25-ը։ Կարկուտի եւ հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր եւ Տավուշ, իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր): «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, ռիսկերն են` «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ