Լուսանկարն արվել է Երեւանում
Վերջին շրջանում տարածված է մեքենաների վրա գրություններ կամ թեւավոր խոսքեր փակցնելը: Այս դեպքը, սակայն, փոքր-ինչ տարօրինակ է. հասկանալին միայն այն է, որ վարորդը ցանկանում է «Tuareg» մակնիշի ավտոմեքենա վարել:
ՀԱՐՑ. Եթե ՀՀ տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած վարկառուն միաժամանակ վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր է, ապա ինչպե՞ս է կատարվում եկամտային հարկի գումարների վերադարձը:
Կարինե Մկրտումյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 19.02.2015 թվականի N 205-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի եւ տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված եւ վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողին հաշվետու եռամսյակի որեւէ ամսում հաշվարկված աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ինչքա՞ն գումար պետք է վճարել:
Իրինա Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետեւյալ պետական տուրքերը եւ արտաբյուջետային վճարումները.
7-րդ աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16.000 դրամ:
Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի այս վճարներից, գանձվում է եւս 5000 ՀՀ դրամ: Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում՝ ըստ օրերի.
– երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ,
-երրորդ աշխատանքային օրը՝ 8 000 ՀՀ դրամ,
– հինգերորդ աշխատանքային օրը՝ 5 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ տեղեկանք տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում վերը նշված եւ հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո՝ 7-րդ աշխատանքային օրը: ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը: