«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դիլիջանից մինչեւ Երեւան, Սայաթ-Նովայից մինչեւ Բաղրամյան պողոտա եւ խորհրդարանի տարբեր սենյակներում օրուգիշեր քննարկումներ կազմակերպելու արդյունքում վերջապես իշխող ուժը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության հետ գտավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահից ու անցանկալի կազմից ազատվելու իրատեսական տարբերակը: ԱԺ 37 իշխանական պատգամավորներ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել եւ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:
Հիմա իշխող թիմն առաջարկում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարեցնել, բացի ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանից եւ Արման Դիլանյանից, որոնք իշխանության համար ցանկալի դատավորներ են: Բացի այդ, առաջարկվելու է հանրաքվեի դնել ընդհանրապես ՍԴ գոյության հարցը, որպեսզի քաղաքացիները իրենք որոշեն՝ ուզում են մեր երկրում լինի Սահմանադրական դատարան, թե ոչ: Նախկին իշխանության ներկայացուցիչները աղմկում են, թե այս օրինագծի ընդունումով ԱԺ-ն ՍԴ-ի լիազորություններին է տիրանում, այլ կերպ ասած՝ զավթում է, յուրացնում դատական իշխանությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ իրականում հանրային լայն շերտերի համար միեւնույնն է՝ մեր երկրում կա Սահմանադրական դատարան, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիները ուղիղ չեն առնչվում բարձրագույն դատարանին, եւ արդեն կանխատեսելի է, որ հանրաքվեով ջախջախիչ հաղթանակ է տանելու ՍԴ-ն լուծարելու կարծիքը: Այդպիսով ե՛ւ ՍԴ-ի հարցը կլուծվի, ե՛ւ լուծողը կլինի ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդը՝ հանրաքվեով: Ու հենց այս հարցն էր երեկ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ քննարկում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միրզոյանը դեսպաններին համոզել է կարծիք ձեւավորել, որ ՀՀ իշխանությունը որեւէ հակաժողովրդավար քայլ չի անում:
Հավելենք՝ երեկ՝ երեկոյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք եւ ԲՀԿ-ն դեմ են քվեարկելու: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ սահմանադրական դատարանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, որը նշեց. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ փոփոխություններ անողներն արձագանքեն իրենց արածին»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։