Հյուրանոցի կառուցման համար 200-ամյա շենքը քանդվում է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող Հիդրոմետ ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի: Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է եւս մեկ հարկ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից:

Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ իրականացվող շինաշխատանքների հետեւանքով հարեւանությամբ գտնվող շենքը փլուզվում է: Կառուցապատող «Առ Արտ» ընկերությունը շարունակում է փոսի փորման աշխատանքները: Այս մասին ArmLur.am-ի տեսանյութը կարող եք դիտել այսօր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս