«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին կրկին ակտիվացան լուրերն այն մասին, որ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել եւ հիմա էլ բարձրաձայնում է այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց լուրի հետքերով՝ պարզելու, թե ինչ կաշառքի մասին է խոսքը, ինչ գործ է հարուցված այս մասով: Իսկ ի՞նչ կաշառքի մասին է խոսքը:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը. «Ընդամենը ասել եմ՝ քաղաքի տոնածառներից մեկն էլ ինքը գնի որպես գործարար: Ու այդպես իմ շատ գործարար ընկերներ են Երեւանի համար տոնածառներ գնել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել: Հիմա ի՞նչ, բոլորը գնան կաշառքի հաղորդում տա՞ն: Աբսուրդ»: Իսկապես, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է այսօր էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատժվի, որ որոշ գործարարներ Երեւանի համար «կամազ» կամ այլ տեսակի տեխնիկա են գնել՝ քաղաքապետի ուղիղ կամ անուղղակի հորդորով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։