Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։
Նա աշխատանքից ազատման պատճառ նշել էր. «Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։
Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը»։
ArmLur.am-ը փորձեց Վահագն Վերմիշյանի ձերբակալման թեմայի շուրջ զրուցել Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս անմիջապես արձագանքեց՝ նշելով. «Ընկած մարդկանց չեն հարվածում»:
Մեր այն հարցին՝ արդյոք ինքն է հաղորդում ներկայացրել ԱԱԾ, Սարհատ Պետրոսյանն արձագանքեց. «Նման բան ընդհանրապես հնարավոր չէ, որ ես արած լինեմ՚»:
Ս.Հ.