Սա ակումբ է, որն ուզում է աճել, պայքարել ամենաբարձր արդյունքների համար. Գուֆրանն ու մյուսները՝ «Արարատ – Արմենիա»-ին միանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Հայկական ակումբները շարունակում են անցկացնել հավաքներ, կատարել տրանսֆերներ եւ պատրաստվել առաջնության պատասխանատու հատվածին: Հայաստանի գործող չեմպիոնը եւ այս մրցաշրջանի հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ «Արարատ – Արմենիան», մի շարք փոփոխություններով է մոտենում առաջնության երկրորդ հատվածին:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմը լքեց առանցքային ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը եւ մեկնարկային կազմում տեղը կորցրած բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովը: Ակումբը մոտ էր լքելուն նաեւ թիմի հայ կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ով փորձաշրջան էր անցնում ղազախական «Ժետիսու»-ում, սակայն այդ տրանսֆերն ինչ-ինչ պատճառներով ձախողվեց, եւ Մալաքյանը կրկին միացավ «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի չեմպիոններն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ ակտիվ են նաեւ ձեռքբերումների տեսանկյունից: Ակումբի շարքերն արդեն համալրել են ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն եւ հանրաճանաչ ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Յոան Գուֆրանը: Հիմա ավելի մանրամասն անդրադառնանք «Արարատ- Արմենիայի» կատարած տրանսֆերներին:

Սերգեյ Վակուլենկո. «Ինձ դուր եկավ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն թիմ է»

Ուկրաինացի 26-ամյա պաշտպանը ձմեռային տրանսֆերային պատուհանի երկրորդ ձեռքբերումն էր երեւանյան ակումբի համար: Մրցաշրջանի ամենաբարդ հատվածը դեռ առջեւում է: Ընդամենը 3 հանդիպում է մնացել, որ ձեւավորվի լավագույն վեցնյակը. իհարկե, կասկած անգամ չկա, որ արարատյան ակումբը կհայտնվի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում, բայց վեցնյակի ձեւավորումից հետո չեմպիոնության համար պայքարը կատաղի կլինի:

Երկար պահեստայինների նստարանը միանշանակ Վարդան Մինասյանին հնարավորություն կտա ավելի ազատ լինել ռոտացիաների դիմելիս: Վակուլենկոն հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում, սակայն իր նախկին թիմերում նա հանդես է եկել նաեւ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Առաջնության առաջին հատվածում «Արարատ – Արմենիայի» հիմնական կենտրոնական պաշտպաններն էին ԱնԺելո Մենեզեսն ու թիմի ավագ Դմիտրի Գուզը: Ալեքսանդր Դամչեւսկին եւ երիտասարդ Ալբերտ Խաչումյանը հանդիսանում էին նրանց փոխարինողները: Սերգեյ Վակուլենկոն պաշտպանության կենտրոնում հիանալի զույգ կարող է կազմել Դմիտրի Գուզի հետ, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Անժելո Մենեզեսի տեղը մեկնարկայինում լուրջ հարցականի տակ է:

Վակուլենկոյի վերջին ակումբը եղել է ուկրաինական «Կարպատին»: «Կարպատիի» կազմում պաշտպանը մասնակցել է 16 հանդիպման՝ բոլոր խաղերն էլ սկսելով մեկնարկային կազմում: Ուկրաինացին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Կիեւի «Արսենալում», «Մարիպոլում», Դոնեցկի «Օլիմպիկում»: Վակուլենկոն 2010-ից մինչ 2019 թվականը համարվել է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ, սակայն ուկրաինական թիմի հիմնական կազմում պաշտոնական խաղերի չի մանակցել:

Ուկրաինացի պաշտպանը՝ որպես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ, առաջին անգամ կիսվել է իր տպավորություններով՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին.

«Գործակալս զանգահարեց ու ասաց, որ նման ակումբ տեղափոխվելու տարբերակ կա, այն ինձ միանգամից հետաքրքրեց: Հետո կապվեցինք ակումբի ղեկավարության հետ եւ քննարկեցինք բոլոր հարցերը: Դրանից հետո միացա Կիպրոսում անցկացվող հավաքին, որտեղ էլ արդեն ստորագրեցի պայմանագիրը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը նախկինում չեմ հետեւել, բայց երբ իմացա առաջարկի մասին, հետաքրքրվեցի ակումբի պատմության եւ գործունեության մասին:

Ինձ դուր եկավ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն թիմ է ու շատ բարձր նպատակներ է հետապնդում: Իմացա նաեւ թիմի հաջող ելույթների մասին Եվրոպա լիգայի որակավորման փուլերում ու որոշեցի դառնալ այս թիմի անդամ: Առաջին տպավորությունները շատ լավն են: Արդեն սկսել եմ հարմարվել թիմին: Ինձ շատ լավ են ընդունել այստեղ, ամեն ինչ լավ է»,- ասել է ֆուտբոլիստը:

Հետաքրքիրն այն է, որ Վակուլենկոն, բացի լավ պաշտպանվելուց, ուժեղ է նաեւ մրցակցի տուգանային հրապարակում: Օրինակ, «Արսենալի» կազմում անցկացրած 12 խաղերում ֆուտբոլիստն աչքի է ընկել 7 անգամ: Սա պաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշ է:

Յուսուֆ Օտուբանյո. «Ցանկանում եմ դառնալ թիմի հաղթական պատմության մի մասը»

Արագաշարժ, ճկուն եւ հիանալի դրիբլինգի տեր հարձակվող: Ավստրիական «Լասկի» նախկին հարձակվողը կարիերան կշարունակի «Արարատ – Արմենիայում»: 27-ամյա նիգերիացին ունի բոլոր որակները հայկական ակումբի մեկնարկային կազմում ամրապնդվելու համար: Ֆուտբոլիստը շատ լավ է հանդես գալիս ինչպես կենտրոնական հարձակվողի դիրքում, այնպես էլ եզրերում: Նիգերիացին «Լասկում» էր խաղում վերջին երկու մրցաշրջաններում եւ պաշտոնական խաղերում 21 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ ու կատարել նույնքան գոլային փոխանցում:

Օտուբանյոյի ամենաարդյունավետ մրցաշրջանը 2014/15-ն էր, երբ ֆուտբոլիստը պաշտպանում էր ավստրիական «Լինցի» գույները: Յուսուֆը այդ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել էր 28 գոլի հեղինակ:

Հարձակվողը խաղացել է նաեւ սլավոնական «Ժիլինայի» կազմում, որի հիմնական թիմում անցկացրած 33 խաղերում դարձել է 10-ը գոլի հեղինակ: Օտուբանյոյի ցուցանիշները այդքան էլ վատը չեն. նիգերիացու գլխավոր զենքերից մեկը իր դրիբլինգն է, որի միջոցով նա կարողանում է ուղղակի «քարկապել» մրցակցի պաշտպաններին: Եթե Օտուբանյոն կարողանա ցուցադրել իր բարձր որակները, ապա կարող է լուրջ խոչնդոտներ ստեղծել թիմի հիմնական կենտրոնական հարձակվող Անտոն Կոբյալկոյի եւ թիմի «Ջոկեր» Լուիս Օգանայի համար:

Յուսուֆ Օտուբանյոն ցանկանում է պատմություն կերտել նոր թիմի կազմում.

«Շատ ուրախ եմ «Արարատ-Արմենիա» ակումբին միանալու համար: Ինձ հետ կապ հաստատեցին ակումբից, եւ երկար զրույց ունեցանք. իմացա, որ երկար ժամանակ հետեւել են իմ խաղին ու ցանկանում են ինձ իրենց ակումբում տեսնել: Կապվեցի ակումբում հանդես եկող նիգերիացի ֆուտբոլիստի հետ, եւ նա շատ դրական արտահայտվեց եւ՛ երկրի, եւ՛ ակումբի մասին, ինչն ինձ շատ ոգեւորեց:

Իմացա, որ ակումբն արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերում. դուք ինքներդ էլ գիտեք, որ նման մրցաշարերում խաղալն իսկական երազանք է ցանկացած թիմի ու ֆուտբոլիստի համար: Իմ առաջին տպավորությունները թիմի մասին շատ-շատ լավն են:

Սա ֆուտբոլ է, այն պետք է քեզ նաեւ երջանկություն բերի, եւ ես շատ դրական տրամադրվածություն ունեմ իմ նոր թիմում, վստահ եմ, որ այստեղ որակական աճ կապրեմ, ես էլ իմ հերթին ամեն ինչ կանեմ լավագույնս հանդես գալու ու թիմին օգնելու համար: «Արարատ-Արմենիա»-ն լավ ճանապարհ է անցել, նրանք Հայաստանի չեմպիոնն են եւ լավագույն թիմը: Ես հիմա այստեղ եմ եւ շատ կուզեմ, որ մենք շարունակենք թիմի լավ պատմությունը ու կրկին չեմպիոն դառնանք, ես ուզում եմ այս թիմի հաղթական պատմության մասը դառնալ:

Շատ գոհ եմ ակումբի մարզչական կազմից, գլխավոր տնօրենից եւ, իհարկե, ակումբի ֆուտբոլիստներից: Նրանք ինձ շատ լավ ընդունեցին, կարծես միշտ էլ այս թիմից էի եղել»,- ասել է ֆուտբոլիստը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

Յուսուֆն արդեն հասցրել է աչքի ընկնել երեւանյան թիմի կազմում՝ ընկերական խաղի շրջանակներում գրավելով ռուսական «Ուրալի» (1:1) դարպասը:

Յոան Գուֆրան. «Սա ակումբ է , որը ուզում է աճել, պայքարել ու ամեն տարի դառնալ չեմպիոն»

Իրականացված տրանսֆեր, որի մասին շարունակում են խոսել մինչ օրս: Այո, հանրաճանաչ Յոան Գուֆրանը կարիերան կշարունակի հայկական թիմում: «Արարատ – Արմենիայի» պայթեցնող տրանսֆերը է՛լ ավելի ամպագոռգոռ կդառնա, եթե անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը միացնի իր «կործանիչ աջը»:

Հուժկու հարվածներ, ֆանտաստիկ դրիբլինգ, արագություն. ահա այսպիսին էր Գուֆրանը տարիներ առաջ: Հիմա, իհարկե, տարիքն իրենը ասում է, բայց բոլորս էլ գիտենք, որ ուժեղ ֆուտբոլիստները տարիների հետ չեն կորցնում իրենց վարպետությունը: Ֆրանսիացին միանշանակ Հայաստան չի ժամանել պահեստայինների նստարանը մաշեցնելու համար եւ, անշուշտ, պատրաստ է իր փորձով օգնել թե՛ թիմին, թե՛ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին:

Յոան Գուֆրանը մեծ հաջողությունների է հասել իր ֆրանսիական կարիերայի հատվածում, երբ խաղում էր «Բորդոյի» կազմում: Ֆրանսիայի համանուն քաղաքը ներկայացնող թիմի հետ Յոանը հաղթել է Լիգա 1-ում (2008-09թթ.), Ֆրանսիայի լիգայի գավաթում (2008-09թթ.), ֆրանսիացին նաեւ իր երկրի կրկնակի սուպերգավաթակիր է (2008թ.,2009թ.):

Հանրաճանաչ ֆուտբոլիստը նույնպես պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին.

««Արարատ-Արմենիայի» սպորտային տնօրեն Հակոբ Չալիկյանը կապ հաստատեց ինձ հետ եւ առաջարկեց գալ եւ ծանոթանալ ֆուտբոլիստների ու ակումբի ներսում տիրող իրավիճակի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք նախագիծն ինձ հետաքրքրում է, թե ոչ: Ժամանեցի Կիպրոս, եւ վերջնական բանակցությունների արդյունքում ստորագրեցինք պայմանագիրը:

Առաջին տպավորությունն այն էր, որ սա ակումբ է, որն ուզում է աճել, պայքարել ամենաբարձր արդյունքների համար ու ամեն տարի չեմպիոն դառնալ: Հետաքրքիր էր նաեւ տեսնել, որ բոլոր ֆուտբոլիստները խոսում են անգլերեն:
Այս պահին դեռ մարզավիճակս կատարյալ չէ, քանի որ երկար ժամանակ չեմ խաղացել, բայց ես քրտնաջան աշխատում եմ ֆիզպատրաստության մարզչի հետ, որպեսզի հնարավորինս շուտ պատրաստ լինեմ»,- ասել է Յոան Գուֆրանը:

Տրանսֆերային պատուհանը Հայաստանում դեռ շարունակում է մնալ բաց, եւ փաստ չէ, որ Յոան Գուֆրանը հայկական թիմի վերջին ձեռքբերումն էր: Երեւանյան ակումբում այս պահին հավաքված են շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, երկար է նաեւ Մինասյանի թիմի պահեստայինների նստարանը ՝ լի հայ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներով:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածը «Արարատ – Արմենիայի որոշ երիտասարդ ֆուտբոլիստների համար դարձավ «բացահայտման» հատված: Հայկական թիմի պաշտպան Արթուր Դանիելյանը այնքան լավ օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից, որ կարողացավ նվաճել տեղ մեկնարկային կազմում: Կարելի է ասել նաեւ, որ Արթուր Դանիելյանի ֆանտաստիկ խաղը նույնպես նպաստեց Գերգի Պաշովի թիմից հեռանալուն: «Արարատ – Արմենիայի» երիտասարդ ֆուտբոլիստներից մյուս երկուսը՝ Արմեն Նահապետյանն ու Հովհաննես Հարությունյանը նույնպես շատ լավ տպավորություն են թողել:

Նրանց աստեղային ժամը միանշանակ Հայաստանի սուպերգավաթի հանդիպումն էր ՝ «Ալաշկերտի» դեմ: Վարդան Մինասյանը այդ խաղում հնարավորություն տվեց իր երիտասարդ ֆուտբոլիստներին. արդյունքն ավելի քան ապշեցնող էր: Արմեն Նահապետյանն ու Արթուր Դանիելյանը այդ խաղի ամենալուսավոր կետերն էին: Նրանք մեկական անգամ կարողացան գրավել Արմեն Ադամյանի գլխավորած թիմի դարպասը: Երբ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ իր մասին հիշեցրեց Հովհաննես Հարությունյանը, ում կատարած փոխանցումից հետո էլ Մաիլսոն Լիման դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Խոսելով հայկական թիմի երիտասարդ ֆուտբոլիստների մասին ուղղակի իրավունք չունենք չանդրադառնալու թիմի պաշտպան Ալբերտ Խաչումյանին: Վերջինս շատ հնարավորություններ չի ստացել արարատցիների հիմնական կազմում խաղալու, բայց երիտասարդական հավաքականի կազմում այնպիսի փայլուն հանդիպումներ է անցկացրել, որ կարողացել է գրավել շատերի ուշադրությւոնը: Միայն պետք է հիշել Իտաիայի Մ21 հավաքականի դեմ առաջին խաղը, որտեղ Խաչումյանը բառացիորեն հետապնդում էր իտալացիների աստղային հարձակվող Պատրիկ Կուտրոնեին: Կարծում ենք, հեծանիվ չենք հայտագործի, եթե ասենք, որ Վարդան Մինասյանը դեռ շանսեր կտա Խաչումյանին իր տաղանդը դրսեւորելու:

Հիմա տեղափոխվենք Հայաստանի Առաջին խումբ, որտեղ «Արարատ – Արմենիան» նույնպես ունի մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստներ: Նրանցից 3-ը այս պահին հանդես են գալիս Երեւանի ԲԿՄԱ-ում:Նարեկ Ալավերդյան, Արամ Քոլոզյան եւ Ժիրայր Շաղոյան: «Արարատ – Արմենայի» ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ի կարեւոր մասնիկն են հանդիսանում: Ժիրայր Շաղոյանը Առաջին խմբի լավագույն ռմբարկուներից մեկ է հեղինակած 14 գոլերով, իսկ ահա Առաջին խմբի լավագույն ռմբարկուն խփած 22 գոլերով «Արարատ – Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Հակոբ Խաչատրյանն է: Վերջինս Հայաստանի գործող չեմպիոնի հիմնական կազմում դեռեւս ոչ մի հանդիպում չի անցկացրել, սակայն Հայաստանի Առաջին խմբում ֆուտբոլիստի ցուցադրած արդյունքները միանշանակ հարթում են այդ ճանապարհը:

«Արարատ-Արմենիան» այս պահին Կիպրոսում է եւ շարունակում է նախապատրաստվել Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին: Երեւանյան ակումբը կիպրոսյան հավաքը սկսել է Պաֆոս քաղաքում, որտեղ հասցրել է անցկացնել 4 ընկերական հանդիպում ՝ չպարտվելով եւ ոչ մեկում:

Մեր թիմը նախ 9:1 հաշվով «փոշիացրել» է Կիպրոսի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտասին», ապա 1:0 հաշվով հաղթել է Պաֆոսի հավաքական թիմին: Երեւանյան ակումբը կիպրոսյան հավաքի առաջին հատվածի վերջին հաղթանակը տարել է Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ունիվերսիտատ Կլուժի» նկատմամբ՝ 3:1 հաշվով, իսկ ռուսական «Ուրալի» դեմ խաղն ունեցավ խաղաղ ելք՝ 1:1:
Կիպրոսի հավաքը «Արարատ-Արմենիան» կշարունակի արդեն Լառնակա քաղաքում, որտեղ կրկին կանցկացնի 4 հանդիպում: Վարդան Մինասյանի տղաները կմրցեն Կիպրոսի «Այիա Նապայի», ռուսական «ՈՒֆայի» եւ «Տեկստիլշիկի», ինչպես նաեւ Լատվիայի Բարձրագույն լիգան ներկայացնող «Լիեպայայի» հետ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս