Ռուբեն Բաբայանը՝ ռուսերենի ուսուցիչ աշխատելու եւ իր «անհայտ» կարգավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանն է:

Քչերը գիտեն, որ նա առաջին մասնագիտությամբ ռուսաց լեզվի եւ գրականության մասնագետ է, ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը: Իր առաջին մասնագիտությամբ պարոն Բաբայանն աշխատել է երկու ամիս. «Մինչեւ բանակ գնալը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում դասավանդել եմ ռուսաց լեզու եւ գրականություն:

Ասեմ, որ ուսուցչի կարգավիճակն ինձ շատ էր դուր գալիս: Հիմա էլ շատ հեռու չեմ այդ գործից, շուրջ 25 տարի է՝ դասավանդում եմ Թատերական ինստիտուտում: Երբ մտնում եմ դասարան կամ լսարան, մոռանում եմ կենցաղային խնդիրների մասին եւ անկեղծ զրույց եմ ունենում ներկաների հետ:

Տարիքային տարբերությունը, գիտելիքներով զինված լինելը ինձ երբեք որեւէ առավելություն չեն տվել, միայն ավելի են պարտավորեցրել»,- մեկնաբանեց պարոն Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը`որպես գրական մասի վարիչ, 1980թ.-ից աշխատել է Երեւանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: 1990-ին էլ ավարտել է Ռուսաստանի Թատերական ակադեմիան` ստանալով բեմադրող ռեժիսորի որակավորում. «Ռուսաց լեզվի եւ գրականության իմացությունը, Մոսկվայում սովորելը շատ են օգնել ինձ ողջ կյանքում: Ես ունեմ ներկայացումներ, որոնք ռուսերեն են բեմադրվել: Իմ առաջին ներկայացումը՝ դիպլոմային աշխատանքս, հենց ռուսերեն եմ ներկայացրել: Կարող եմ համարել, որ գրեթե փայլուն ռուսերեն գիտեմ»,- ասաց պարոն Բաբայանը:

Հավելենք, որ Ռուբեն Բաբայանը 1991թ.-ից աշխատում է Երեւանի տիկնիկային թատրոնում` որպես բեմադրիչ, 1998-ից` որպես գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն: Նա դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս