ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմքայլական պատգամավորի սխալ հայտարարությունը. ավտոներկրողները կանգնել են կոտրած տաշտակի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել էր. «Մեքենաների հետ կապված թնջուկը հանգուցալուծված է, ես նույնպես խոսել եմ այդ հարցով իմ կոլեգաների հետ, եւ շատ նորմալ տրամադրություն է, շատ կառուցողական միջավայր, Հայաստանը ղազախական կողմի հետ որեւէ խնդիր չունի՝ ավտոների վաճառքի հետ կապված, ու առկա լարվածությունը լուծվել է»:

Նրա այս հայտարարության ճիշտ հաջորդ օրը ավտոներկրողները հավաքվեցին ՀՀ կառավարության առջեւ՝ բողոքելով, որ ղազախները գնած մեքենաների մասով խնդիրներ են առաջացնում, ցանկանում են հետ վերադարձնել, եւ, որ ամենակարեւորն է,Ղազախստանից որեւէ մեկը այլեւս չի գնում ավտոմեքենա հայկական շուկայից: Այսինքն՝ պոտենցյալ գնորդներից զրկվել է հայկական շուկան:

Ասել է թե՝ իմքայլական պատգամավորը, մեղմ ասած,սխալ հայտարարություն էր արել՝ վստահեցնելով, թե խնդիրը կարգավորված է:
Հիշեցնենք, որ պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուցհետո՝ անցումային ժամանակահատվածում: Հայերը մեքենաները պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար:

Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս:

Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Ու այս մասին ՀՀ իշխանությունները պարտավոր էին ՀՀ քաղաքացիներին զգուշացնել, այլ ոչ թե միայն թվային տվյալներ մեջ բերել, թե մեքենան ներկրելու հետեւանքով շեշտակի ավելացել են հարկային-մաքսային մուտքերը բյուջե: Ու արդյունքում ավտոներկրողները կանգնել են կոտրած տաշտակի առջեւ:

Երեկ«Ժողովուրդ» օրաթերթը կրկին զրուցել է իմքայլական պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման անտեղյակ հայտարարությամբ հանդես գալիս: «Ես սխալ ինֆորմացիա չեմ փոխանցել, հայ-ղազախական հարաբերությունում որեւէ լարվածություն չկա, շատ կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ են պառլամենտի մասով, ես կարող եմ դա երաշխավորել: Մեքենաների մասով ես ուզում եմ նշել, որ ես զրուցեցի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ,ուիրենք ինձ հավաստեցին, որ այդպիսի շարժ՝ Ղազախստանից-Հայաստան մեքենաների հետ կապված, չկա, խնդիրն այլ բանում է կայանում:

Խնդիրը տվյալ հանրապետության ներսում է, այնտեղ ՀՀ-ից, ՌԴ-ից եւ այլ երկրներից գնված մեքենաների համար իրենքիրենց քաղաքացիների համար առաջարկել են մի քանի տարբերակներ, այդ տարբերակներից մեկը, կարծեմ,մինչեւմյուս տարվա մարտ մեքենաների վարումն է, մանրամասներին չեմ տիրապետում. երկրորդ տարբերակն էլ մաքսազերծում ասվածն է, որը գնային առումով մի քիչ ավելի է, քան իրենք սպասում էին»,-հայտարարեց իմքայլականը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս