Ազգային ժողովը երեկ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին» որոշման նախագիծը՝88 կողմ, 15 դեմ, 0 ձայներով: Իսկ մինչ այդ էլ Ազգային ժողովը 36 դեմ եւ 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որպեսզի հնարավոր լիներ հարցը կարգավորել հանրաքվեով:
Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են սահմանադրական փոփոխություններով դադարեցնել մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն այս պահին պաշտոնավարող դատավորներ Արման Դիլանյանին եւ Վահե Գրիգորյանին:
Այսպիսով, ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Բանն այն է, որ ամեն ինչ այնքան էլ պարզ եւ միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ եղավ երեկ խորհրդարանում, եւ ինչ էր ցանկանում անել իշխող«Իմ քայլը» խմբակցությունը:
Մինչ նախօրեին հասարակական-քաղաքական լայն շրջանակները քննարկում էին 37 պատգամավորների նախաձեռնությունը, որով իշխող խմբակցությունը փորձում էր «տուն ուղարկել» ՍԴ դատավորներին, երեկ պարզ դարձավ, որ «Իմ քայլ»-ը ցանկանում է դրան հասնել ոչ թե ուղիղ քվեարկությունների եւ նախագիծը երկու ընթերցումով անցկացնելու, այլ համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
Հարցի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, հղում անելով Սահմանադրության 202 հոդվածին, հայտարարեց՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Եվ չնայած օրվա վերջում այդպես էլ եղավ, սակայն այս ամբողջ գործընթացը տարբեր ուժերի, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության կողմից հակասահմանադրական որակվեց:
Բանն այն է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածը սահմանում է. «Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»:
Իսկ 202-րդ հոդվածն էլ սահմանում է. «Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովըչի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող դրվել հանրաքվեի»:
Այսինքն՝ ամեն դեպքում, ստացվում է, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը:
Սակայն իշխողուժը փորձում է մեկնաբանել, թե խոսքը վերաբերում է միայն առաջին ընթերցումիցհետո սպասվող իրավիճակներին, իսկ առաջին ընթերցումըտապալելուց հետո կանոնակարգում առկա չէ նախատեսված իրավիճակ: Իսկ, ահա, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածն էլ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման հստակ կարգ է սահմանում, որն էլ, ըստ էության, երեկ չկատարվեց եւ չպահպանվեց:
«Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ: Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում եւ ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը»:
Այսինքն՝ երեկ հարցը դրվեց հանրաքվեի՝ առանց կանոնակարգի սահմանված դրույթներն իրականացնելու: Բացի այդ, վիճահարույց է նաեւ անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, եւ ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը:
Իսկ մինչ խորհրդարանում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն իրար «միս էին ուտում», հետեւեց ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, որով նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են անում Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինսշուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին եւ ստանալ ԵԽ փորձագիտական մարմնի կարծիքը:
Հանձնաժողովի կարծիքը, որը կարող է ստացվել հրատապ ընթացակարգով, կարծում ենք, արժեքավոր կլիներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, եթե հարցը դրվելու է հանրաքվեի», – ասված է հայտարարության մեջ:
Սակայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անելու հարցն ընդունվեց, եւ հիմա դրան պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որվերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, եւ վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով:
Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված: Ամեն դեպքում, իշխանական կուլիսներումչեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորները օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից: Եվ այս մասին երեկ ամբիոնից ակնարկեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին: Նա կոչ արեց ՍԴ անդամներին հրաժարականի դիմում ներկայացնել մինչ հանրաքվեի օրը` այդկերպ ծառայություն մատուցելով պետությանը:
Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչեւ այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն՝որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները դատավորներին պարզ հասկացրեցին՝միեւնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից. Եւ հիմա դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել եւ գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ էլ հեռացվել սահմանադրական փոփոխություններիմիջոցով:
Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ, ահա,մյուս տարբերակով էլ հանրաքվեն իսկապես տեղի կունենա: Այդ դեպքում, հստակ ժամկետներ են մատնանշված, եւ,ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, որին կնախորդի քարոզարշավը՝«այո» եւ «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր: Իշխանությանն անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար քվե:
Նաիրա Հովհաննիսյան