Ինչի հետեւանք է բանակում զինվորների մահվան դեպքերը. ո՞ւմ փորձեցին փրկել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին ՊԲ զորամասում մահացած Վահրամ Ավագյանի գործով պաշտոնատար անձանց մեղադրանքներ կառաջադրվի, նախաքննական մարմինը այս պահին սպասում է կոնկրետ քննչական գործողությունների իրականացման, որից հետո կբարձրացվի նաեւ այդ հարցը:

Այսպիսով, փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ը՝ Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին:

Երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա, մեր տեղեկություններով, հրահանգել է արձանագրություն կազմել, եւ բողոքը անմիջապես ներկայացվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Եվ դատելով իրավիճակից՝ պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը:

Մեր այս հրապարակմանը արձագանքել էր պաշտպանության բանակը՝ նշելով՝ «Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

«2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից եւ փախուստի փորձ է կատարել:

Ահազանգից անմիջապես հետո զորամասի հրամանատարության կողմից անց է կացվել ծառայողական քննություն, ինչպես նաեւ բողոքի հանգամանքները ճշտելու համար կապ է հաստատվել նշված զինվորի հարազատների հետ, իսկ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետև կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով»:

Այլ կերպ ասած,ՊԲ-ն հաստատում է մեր տեղեկությունը, ավելին՝ տեղեկացնում, որ իրավապահները ահազանգին ընթացք են տվել եւ հետո էլ, հանցադեպի բացակայության հիմքով, գործը կարճել են: Ստացվում է, որ իրավիճակի պատասխանատուներն են ոչ միայն Պաշտպանության նախարարության պաշտոնյաները, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, այլ նաեւ իրավապահ համակարգը, որը օբյեկտիվ քննություն չի իրականացրել, չի կանխել հանցագործությունը, որն էլ ճակատագրական հետեւանք ունեցավ:

Այս իրավիճակին զուգահեռ ՊԲ-ից հայտնեցին, որ հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին եւ դիվիզիոնի հրամանատարին զորացրել Զինված ուժերի շարքերից:

Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Հավելենք նաեւ, որ հետաքննությունը շարունակվում է, եւ տույժի ենթարկված պաշտոնատար անձինք չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ զորամասի պաշտոնատար անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն, եւ այս պահին նախաքննական մարմինը սպասում է որոշակի գործողությունների իրականացման,որիցհետո պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը կբարձրացվի:

Քնար Մանուկյան




Լրահոս