Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հարավային ծայրամասում գործում է «Քարարտ» ՓԲԸ քարի վերամշակման ձեռնարկությունը: Ընկերությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի վարչական տարածքում ֆելզիտի մեծ հանքավայր ունի, որի հանքանյութը, ինչպես նաեւ այլ քարատեսակներ վերամշակում է Իջեւանում: Ճի՞շտ է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Քարարտ» ՓԲԸ-ում 20 տոկոս բաժնեմաս ունի:
«Քարարտ» ՓԲԸ հիմնադիր եւ սեփականատեր Արթուր Բաղրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի այդ հարցին պատասխանելով, ասաց, որ այդ 20 տոկոս բաժնեմասը փաստացի Բակո Սահակյանին է պատկանում, սակայն գրանցված է Սամվել Կարապետյանի (Оգանովսկի) անունով, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր:
Ա. Բաղրյանն ասաց, որ նրանք «բանդիտական» ձեւով ընկերությունում բաժնեմաս են ստացել, իբր, ազատամարտիկների կարիքները հոգալու համար: Բաղրյանն ասաց, որ ինքը իրավապաներին է դիմել այդ բաժնեմասն իրեն վերադարձնելու համար, սակայն չի հաջողվել, որովհետեւ Հայաստանի իրավապահ համակարգում հին կապերը գործում են:
Նրան հարցինք, թե ճիշտ է արդյոք, որ իր բողոքելուց հետո «Քարարտում» մեծածավալ ստուգումներ են եղել: Նա ասաց, որ ստուգումներ են եղել, դրանք տեւել են շուրջ մեկ ամիս, արդյունահանված քարի եւ իրացված արտադրանքի տարբերության վերաբերյալ ստուգողների հարցին ինքը պատասխանել է, որ արդյունահանված, վերամշակված ամբողջ քարը իրենք չեն վաճառել, կա նաեւ պահեստում կուտակված, չիրացված արտադրանք:
Ոսկան Սարգսյան
Տավուշ