Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել #Եվրատեսիլ2020 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ամիսներ շարունակ տեւած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ:
Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը։ Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները՝ Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Միրիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեք, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ: Հանրության մի ստվար զանգված օնլայն տիրույթում տեսակետ է հայտնել, որ այս տարի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին ներկայացված երգերը բավականին թույլ են եւ անմրցունակ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանի ու հեռուստա եւ ռադիոհաղորդավար Ժակի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց կարծիքները:
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյան
Ես կխուսափեմ գնահատել ներկայացված երգերի գեղարվեստական արժեքը. դա իմ կողմից սխալ կլինի, քանի որ ես երաժշտական քննադատ չեմ, այլ գործող հեղինակ-կատարող։ Ինձ ավելի շատ տխրեցրեց այն, որ ընտրված բոլոր երգերն անգլերեն են. կողքից նայելիս ոչ ոք չի պատկերացնի, որ սա Հայաստանի ներսում կազմակերպված մրցույթ է։ Ի դեպ, ես ինքս մրցույթի նախնական փուլին հանպատրաստից մասնակցել եմ որպես համահեղինակ կրկին անգլալեզու երգով, քանի որ երգչի ցանկությունն է եղել այդպիսին։ Եթե ինքս իմ կողմից երգ ներկայացնեի, դա կլիներ հայերեն երգ։
Ինձ այս պարագայում մրցունակությունը շատ քիչ է հետաքրքրում, քանի որ այսօրվա երաժշտական շուկայի ստանդարտների մեծ սիրահար չեմ, ու շատ ավելի ուրախ եմ լինում, երբ տեսնում եմ փորձեր՝ այդ ստանդարտները կոտրելուն, որեւէ ինքնատիպ, ինքնաբուխ, «մասսկուլտից» դուրս մի բան անելուն միտված։ Այս 12-ի մեջ ես նման փորձեր, ցավոք, չտեսա, չնայած կային տաղանդավոր կատարողներ։
Չգիտեմ՝ ինչ սկզբունքով է կատարվել այս 12-ի ընտրությունը, գուցե ավելի հետաքրքիր երգեր են դուրս մնացել, պակաս «մրցունակ»՝ եվրատեսիլյան ստանդարտներով, բայց ավելի համարձակ։ Ամեն դեպքում, մասնակիցներին հաջողություն եմ մաղթում, սա իրենց համար ինքնադրսեւորման հնարավորություն է, որը, հուսով եմ, կօգտագործեն հետագայում ստանդարտները ավելի վստահ կոտրելու ու իրենց ճանապարհը գտնելու համար։
Հեռուստա եւ ռադիոհաղորդավար Ժակ
Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց «Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ հանրային հետաքրքրությունը կոտրվել է, աժիոտաժը՝ անցել: Տարիներ առաջ նման բան չէինք էլ կարող պատկերացնել:Մեր կյանքում տեղի ունեցող բուռն իրադարձությունները եւ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչների շարունակական ձախողումները ստիպեցին ավելի հանգիստ վերաբերվել «Եվրատեսիլ»-ին: Դրան նպաստում է նաեւ այն, որ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցներն այս տարի առանձնապես ճանաչված չեն հանրության կողմից կամ ճանաչված են նեղ շրջանակների համար:
Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Աննա Բաբաջանյան