Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հանդիպում է ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ հայտարարել է իր՝ քաղաքականություն մտնելու եւ կուսակցություն ստեղծելու մասին: Վանեցյանը հայտարարել է, որ առաջիկայում հանդես է գալու ավելի մեծ ասուլիսով, որտեղ կտրվեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մինչեւ այժմ հանրության համար անհասկանալի են մնացել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանի հետ, պարզելու համար՝ ինչպես է վերաբերվում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելուն:
«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում կյանքում և քաղաքականության մեջ իր տեղը, եթե որոշել է քաղաքականությամբ զբաղվել, թող զբաղվի դա իր գործն է: Անկեղծ ասած ես դրան այդքան լուրջ չեմ նայում»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին՝ Արթուր Վանեցյանը նախօրեին հայտարարել է, թե այս շրջանում շատերի հետ է բանակցել: Արդյոք Հայ Հեղափոխական Դաշնակցությանը համագործակցության համար դիմել է, թե ոչ:
Տարոն Տոնոյանը մեր հարցմանն ի պատասխան ընդգծեց, որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ նա Արթուր Վանեցյանի հետ, որևէ հանդիպում չի ունեցել:
«Դաշնակցությունը որդեգել է դառնալ ժողովուրդի համար ընկալելի ընդդիմություն, այլընտրանք: Պետք է ամեն ինչ անենք, որ անցյալի վերադարձ չլինի: Ես շատ ցավ կապրեմ, եթե ևս մեկ անգամ մեր ժողովուրդը սխալվի, ինչպես որ այս անգամ է սխալվել»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան