ԱԱԾ-ի հայտարարության հետքերով. ո՞վ է հետախուզման մեջ գտնվող նախկին փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց նոր բացահայտման մասին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2014-2016 թթ. ֆինանսների նախարարի եւ նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձինք չարաշահումներ են կատարել, ինչի արդյունքում պետությանն ավելի քան մեկ միլիարդի վնաս է հասցվել:

Այսպես, 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարարի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Պետությանն այդպիսով պատճառվել է 1 միլիարդ 747 միլիոն 195 հազար 905 դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Ինչպես հայտնի է՝ 2014-2016 թվականներին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Խաչատրյանը, որից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, անցած տարվա օգոստոսի 30-ից կալանքի տակ է: Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափով վատնում է կատարել: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում: Նախկին ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Շարունակելով ներկայացնել ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունը՝ նշենք, որ նույն ժամանակահատվածում ֆինանսների նախարարի տեղակալներից մեկը եղել է Վախթանգ Միրումյանը, որից հետո նա եւս մինչեւ 2018 թվականը աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ կրկին Գագիկ Խաչատրյանի տեղակալի կարգավիճակում:

Հնարավոր է խոսքը հենց նրա մասին է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հենց նա էր համակարգում մաքսային ոլորտի աշխատանքները: Մինչդեռ, ուշագրավ է նաև Արթուր Աֆրիկյանի նշանակումը, ով մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում ունի: Ֆինանսների փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ:

Նույն օրը նույն պաշտոնում նշանակվել են նաև Տիգրան Բարսեղյանն ու Արմեն Ալավերդյանը:

Այդուհանդերձ, նշենք, որ 2014-2016 թվականներին ՀՀ ֆինանսների փոխնախարարներից մեկը եղել է նաև ներկայիս նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում, բնականաբար, պետք է բացառել, քանի որ գոնե հետախուզման մեջ չի գտնվում:

ԱԱԾ նշած ժամանակահատվածում ֆինանսների փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև Արմեն Գևորգյանը, ով 2014-2015 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, 2015 թ. մարտի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:

Հ.Գ. Ի դեպ, թեև ԱԱԾ հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք, այդուհանդերձ, մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս 2018 թ. հունիսին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։




Լրահոս