«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստն այս անգամ եւս անցել է շատ բարի մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ ի սկզբանե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ներկայացրել է այն հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողով են հրավիրվում, եւ խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից:
Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց ինքն է տիրապետել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովականները միմյանց միջեւ քննարկել են, որ, կարծես թե, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ավելի ընդգրկուն տեղեկություն է իրենց հաղորդել, քան Դավթանը:
Վերջինս ավելի թռուցիկ է խոսել գրեթե բոլոր այն հանգամանքերի մասին, որոնք հետաքրքրում է քննիչ հանձնաժողովի անդամներին: Այնուհետեւ հանձնաժողովի ղեկավարությունը փորձել է Դավթյանից պարզել, թե արդյոք այն դիտարկումները, խնդիրները, որոնք հայտնաբերվել են՝ այդ օրերի հետ կապված, ԳՇ-ն փորձել է շտկել արդյոք, Դավթյանն էլ հայտարարել է, որ իրենք դասեր քաղել են ու ամեն ինչ անում են իրենց նախորդ սխալները չկրկնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում էլ քննիչ հանձնաժողովը այդ օրերի հետ կապված բացահայտել եւ ներկայացրել է խնդիրները՝ ԳՇ-ին հորդորելով այնպես աշխատել, որ այլեւս նման բացթողումներ չլինեն բանակում: Հանդիպումը տեւել է մոտ երեքուկես ժամ, որից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, մոտ մեկ ժամը քննարկվել են վերջին օրերին բանակում կատարված ինքնասպանությունները, զինվորների հարազատների բողոքի ակցիաները, ինչպես նաեւ «էլիտայի» զավակների պահվածքը հայոց բանակում:
Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի անդամներին ու վստահեցրել է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է: Իսկ արդեն նիստի ավարտից հետո Արտակ Դավթյանը հայտարարեց. «Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալին, ներկային եւ ապագային միտված: Ես կարծում եմ, որ մենք այսօր 3.5 ժամ, իմ գնահատմամբ, էֆեկտիվ աշխատանք ենք ունեցել»:
Նա ընդգծել է, որ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված, նաեւ փաստաթղթերի հիմնավորմամբ:
Սոնա Գրիգորյան