Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Արցախում եռուզեռ է. քաղաքական ուժերը հանդիպումներ են ունենում, քննարկումներ՝ ընտրությունների մասնակցել-չմասնակցելու հետ կապված: Առանցքային թեման նախագահի թեկնածուների առաջադրումն է, որի հարցը պետք է հանգուցալուծվի արդեն սկսվող նոր շաբաթվա ընթացքում: Բանն այն է, որ փետրվարի 5-15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի նախագահի թեկնածուները պետք է ԿԸՀ-ին ներկայացնեն իրենց առաջադրման փաստաթղթերը:
Ըստ մեր տեղկությունների՝ արդեն հստակեցված է, որ նախագահի թեկնածության համար առաջադրվելու են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արցախի հերոս Սամվել Բաբայանը իր թեկնածուն է առաջադրելու, ինչպես նաեւ ՀՅԴ-ն է առաջադրելու իր թեկնածուին՝ Դավիթ Իշխանյանին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար, ԼՂՀ մամուլի խոսնակ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչ իրավիճակ է, ու ինչպես որոշվեց իր առաջադրումը:
-Պարո՛ն Բաբայան, Դուք հայտարարել եք, որ առաջադրվում եք ԼՂՀ նախագահի ընտրություններում, Ձեր ղեկավարած կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին այդ ձեւաչափով: Ի՞նչ եք կարծում, ընտրվելու ինչպիսի՞ շանսեր ունեք: Ո՞ր թեկնածուին եք Ձեզ մրցակից համարում:
-Կա ինքնաառաջադրում, կուսակցության կողմից առաջադրված կամ կուսակցությունների դաշինքը, իսկ իմ պարագայում մեր կուսակցությունն է որոշել արտահերթ համագումարի ժամանակ, որ մենք մասնակցելու ենք, եւ ինձ են առաջադրել՝ որպես կուսակցության ղեկավար: Ընդհանրապես, ընտրություններում բոլորը բոլորի մրցակիցներն են, այստեղ չկա գլխավոր ու երկրորդական, ամեն մեկն էլ մրցակից են: Ամենակարեւորը այն է, որ թշնամի չլինենք, թշնամի չդարձնեն մեկը մյուսին, թշնամի չդառնա մեկը մեկին: Այ սա շատ-շատ կարեւոր է, մենք միշտ այս փիլիսոփայությանն ենք հետեւելու, այսինքն՝ լինելով մրցակից որեւէ մեկին՝ չթերագնահատենք, բայց այնպես անենք, որ թշնամի չդառնանք մեկը մյուսի նկատմամբ:
-Իսկ այժմ այդ թշնամությունն ու լարված մթնոլորտը Արցախում կա՞, այսինքն՝ Դուք նկատե՞լ եք նման իրավիճակ:
-Այս պահի դրությամբ կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից նման բան չի քարոզվում, այո, կան մեկ-երկու այսպես պատահական անձնավորություններ, որոնց ճիշտ էլ չի որակել քաղաքական գործիչ կամ ինչ-որ մի դեմք, որոնք ամբողջ կյանքում այդպես են, ծնված օրից իրենք թարախությունն եմ անում, դա այլ կատրգորիա է: Այս պահի դրությամբ չի երեւում նման թշնամանք. թե ինչպես կլինի հետագայում, արդեն դա կտեսնենք: Հավատացե՛ք, որ ես իսկապես չեմ ուզում սա դառնա թշնամանք:
-Բայց ովքե՞ր են այդ անձինք, որ փորձում են Արցախում նման թշնամանք ստեղծել. խնդրում եմ, անուններ նշե՛ք:
-Դրանք պատահականություններ են, մեկ-երկու հոգի, որոնք արժանի չեն, որպեսզի իրենց անունները ես հնչեցնեմ: Չէ, պետք չէ ինչ-որ անուններ նշել, արժանի չեն:
-Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ կապված էլ երկար ժամանակ Արցախում լարվածություն էր առաջացել, քանի որ Բաբայանը նպատակ ուներ նախագահի թեկնածու առաջադրվել, բայց չստացվեց: Դեռեւս այդ լարվածությունը շարունակվո՞ւմ է իր եւ իր թիմակիցների կողմից:
-Այս հարցը քաղաքական չէ, այս հարցը իրավական է, եւ այստեղ պարզապես քաղաքացի լինելը ժամկետի եւ այսպիսի հարց էր: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին այլ թեկնածուով, դա արդեն նշանակում է, որ մասնակցելու են: Խնդիրը նրա մեջ է, որ քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնում մասնակցել այդ մրցապայքարին, պայքարին, եւ կրկնում եմ, որ դա պետք է անեն օրենքի սահմաններում, եւ մեկս մյուսի թշնամին չդառնանք:
-Մշտապես նշվել է, որ ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆավորիտ թեկնածու է, եւ, կարելի է ասել, արդեն հստակ է, որ ԼՂՀ նախագահ է ընտրվելու Հարությունյանը: Դուք համարո՞ւմ եք, որ իսկապես արդեն կարելի է այդ ամենը փաստ համարել, կանխորոշվա՞ծ է ամեն ինչ արդեն:
-Ես չեմ ուզում որեւէ մեկին պիտակավորել, որակավորում տալ, ասել, որ այս մեկը ավելի շատ շանս ունի, մյուսը՝ ավելի քիչ. տարբեր հանգամանքներ, տարբեր գործոններ են աշխատում, բայց ես չեմ կարում ընդունեմ այն հանգամանքը, որ ամեն ինչ կանխորոշված է: Կանխորոշում է միայն Աստված, դրա համար ես չեմ կարծում, որ դա ճիշտ է:
-ՀՀ իշխանություններից ի՞նչ ակնկալիք ունեք՝ ընտրությունների հետ կապված: Ըստ Ձեզ՝ պե՞տք է իրենք հայտարարեն, որ ինչ-որ մի թեկնածուի պաշտպանելու են:
-Խնդիրը ինչի մեջ է. մենք պետք է ամեն ինչ դիտարկենք մեր ազգային շահերի դիտակետից, իսկ մեր ազգային շահերը պահանջում են, որպեսզի Արցախը լինի ուժեղ, Արցախը լինի ժողովրդավարական, Արցախն իր սուբյեկտայնությունը պաշտպանի, որ բոլորը հասկանան՝ Արցախը անկախ պետություն է: Դա այդպես էլ կա, հետեւաբար պարզ է, որ ամբողջ հայությունը պետք է ուշի-ուշով հետեւի, թե ինչ է կատարվում Արցախում: Բայց չեմ կարծում, որ ճիշտ է միաջամտել, ինչ-որ բան անել. սա, կրկնում եմ, պետականության, ազգի անվտանգության խնդիր է, մենք սա պետք է այս տեսանկյունից դիտարկենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ