Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ ձայներով։ Եվ գործող իշխանությունները Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այսինքն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարի։
Ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ ոչ»-ի պայքարը։ Իսկ, ահա, ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։
Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.593.140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ: Եվ այս համամասնության պայմաններում հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ կքվեարկի շուրջ 648.285 մարդ: Այստեղ ուշագրավ է, որ այդ նույն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող։ Եվ նաեւ ստացվում է, որ այդ հանրաքվեն լինելու է նաեւ վստահության հանրաքվե իշխող քաղաքական ուժի համար. արդյոք վերջիններս պահպանե՞լ են իրենց դիրքերը եւ կկարողանա՞ն անհրաժեշտ թվով «այո»-ներ հավաքել եւ անցկացնել հանրաքվեն։
Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ի վերջո, 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցածը արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, եւ քաղաքացիները գնում էին ընտրատեղամասեր՝ իրենց ձայնը տալու հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ, ամեն դեպքում, նրա թեկնածուին։ Իսկ այս դեպքում ընտրատեղամասեր գնալու մոտիվացիան այլ է, թերեւս ստորադասվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ չպետք է ակնկալել, որ հանրաքվեի մասնակցությունը կլինի այնքան, որքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Խոսենք թվերի լեզվով. օրինակ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների պատկերը հետեւյալն էր. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր 2 մլն 566 հազար 998 մարդ, որից, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, այսինքն՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների կեսից մի փոքր ավելին։ Եվ, ահա, այդ թվից 825 հազար 521 հոգին ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։ Այսինքն՝ հինգ տարի առաջ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, «այո» ասել է գրեթե այնքան քաղաքացի, որքան 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել «Իմ քայլը» դաշինքին։
Իսկ այժմ անդրադառնանք բուն քարոզարշավի ընթացքին. ինչպես հայտնի է, պետք է ձեւավորվեն «այո»-ի եւ «ոչ»-ի շտաբներ, որոնք պետք է քարոզչություն իրականացնեն մարզ առ մարզ եւ բնակչությանը բացատրեն, թե ինչու պետք է քվեարկեն սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ։ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները կարող են «ոչ»-ի քարոզարշավն իրականացնել միասնական, կարող են եւ՝ առանձին-առանձին։ Դրանց համար պետք է ձեւավորվեն շտաբներ, նշանակվեն շտաբի պետեր, ինչպես նաեւ ընտրատեղամասեր, պետք է մշակվի իրականացվելիք քաղաքականությունը, այն, թե ովքեր են իրականացնելու, եւ այլ հարցեր։ Նկատենք, որ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ մասնակից քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն իրականացնում էին առանձին-առանձին:
Իսկ այժմ ժամկետների մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված որոշումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ, ահա, նախագահը դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե: Իսկ քվեարկությունը անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, եւ ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: Նշենք նաեւ, որ այսօր արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկել հանրաքվեի նախագիծը:
Նաիրա Հովհաննիսյան