
Փետրվարի 7-ին Երեւանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին հիմնականում մասնակցում էին երեւանյան լրատամիջոցների ներկայացուցիչներ, Տավուշի մարզից ընդամենը 2 լրագրող էին ներկա:
Չոբանյանը երկար եւ հանգամանալից պատմեց 2019թ.մարզի կյանքում կատարված տարաբնույթ ծրագրերի մասին, ըստ ոլորտների նշեց հեռանկարները, այնուհետեւ պատասխանեց լրագրողների հարցերին:
Ապօրինի անտառահատումների վերաբերյալ հարցին մարզպետը պատասխանեց՝ դրանք տասնապատիկ կրճատվել են, նախկինում ամեն տարի այդ ոլորտում 500 միլիոն դոլարի ապօրինի շրջանառություն է կատարվել, ներկայումս անտառտնտեսությունները ապօրինի անտառահատումների դեմ պայքարում համագործակցում են ոստիկանության հետ, մարզի տարբեր հատվածներում ոստիկանական հենակետեր են տեղադրված:
Հետաքրքրվեցինք, թե որտեղից է վերցրել նախկինում անտառհատումներից տարեկան 500 միլիոն դոլարի շրջանառության մասին տվյալը, քանի որ այդ թիվն անհավանական է, խիստ ուռճացված, ապօրինի հատումների վերաբերյալ տվյալները որեւէ մարմին չի կարող հաշվել: