Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին»:
Հիշեցնենք` փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահոսքի տակ էին մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Նրանցից երեքը մահացել էին: