Ով է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր գլխավոր տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կադրային փոփոխություններ են եղել: Մեզ հայտնի դարձավ, որ դեռեւս 2015 թվականի սեպտեմբերին ՀԿԵ տնօրեն նշանակված Սերգեյ Վալկոյին փոխարինել է ավելի երիտասարդ Ալեքսեյ Մելնիկովը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Վալկոյի պաշտոնավարման ժամկետը եւս 3 տարով երկարաձգվեց: Փաստորեն, ստացվում է, որ 6 ամիս անց Վալկոն ազատվում է պաշտոնից:

Եվ ահա, այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական եւ կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:

Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովյան պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովյան տնտեսական համալսարանում: Նա 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղում»:

Ինչպես նշեց ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին Մելնիկովին ՀԿԵ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, ընկերության եւ նոր տնօրենի առջեւ դրված է խնդիր շարունակական դարձնել Հայաստանի երկաթուղու զարգացումը: Նրա խոսքով, վերջին տարիներին ՀԿԵ-ն հաղթահարել է 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ գրանցում է զարգացման դինամիկ տեմպեր:

«Ընկերությունը աշխատում է արդյունավետ. արտադրական եւ ֆինանասական ցուցանիշները աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունը աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով» նշեց Վյաչեսլավ Պավլովսկին:

Նա նաեւ ընգծեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարության ներքո ընկերությունը ցուցաբերել է զարգացման դրական արդյունքներ եւ ապահովել բարձր շահութաբերություն: Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում:




Լրահոս