ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Ինչպես հայտնի է, ԱԱԾ հաղորդագրության համաձայն, Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, այս գործով ԱԱԾ մանրադիտակի տակ են հայտնվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաները, քանի որ շինթույլտվությունների թեման առնչվում է նաեւ Երեւան քաղաքի տարածքներին: Եվ մեր տեղեկություններով ԱԱԾ մանրադիտակի տակ են հայտնվել հատկապես Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նրա տեղակալ Հայկ Սարգսյանը, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը եւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանի պաշտոնյաները եւս հարցաքննվելու են եւ ավելին, նույնիսկ նրանց հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են առկա: Ի դեպ, այս գործի շրջանակներում մի շարք կառուցապատողներ են հրավիրվել հարցաքննության, որոնք առնչվել են Երևանի քաղաքապետարանին։ Թեմայի մանրամասները՝ առաջիկայում։
Հ.Գ. Մեզ առայժմ չհաջողվեց պարզել՝ Հայկ Մարությանը կանչվե՞լ է ԱԱԾ, թե՞ ոչ: