ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ Սահմանադրական փոփոխություն ուզում է, թե ոչ. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դա Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն ու քաղաքականությունն է, և ժողովուրդը ինքը պետք է որոշի այս կամ այն փոփոխությունն ուզում է, թե ոչ: Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին և ապրիլի 5-ին տեղի ունեցող հանրաքվեին՝ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Այն, ինչ կատարվում է այսօր ներքաղաքական զարգացումների կանխատեսելի սցենար է, որևէ անսպասելի բան տեղի չի ունեցել: Պետք է ամեն ինչ անցնի նորմալ, խաղաղ պայմաններում, առանց թշնամանքի, ինչը մենք նաև քարոզում ենք Արցախում»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Խոսելով նաև երեկ Ադրբեջանում տեղի ունեցող արտախորհրդարանական ընտրություններից՝ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանում առկա զարգացումները շատ հետաքրքիր են:

«Ադրբեջանում իրոք կան իշխանությունների ոչ լեգիտիմության հարց, բնակիչների մասնակցությունը շատ քիչ է եղել, այնպես չէ, որ այսօրվա իշխանությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Ադրբեջանում տեղի են ունենում վերադասավորումներ, իշխանափոխություն: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հոգնել են այդ իշխանությունից և այնտեղ կան մեծ բևեռացում՝ սոցիալտնտեսական և հոգեբանական»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ մենք պետք է սպասենք նաև արտահերթ նախագահական ընտրությունների:

«Մեկ- երկու տարի կարող են հանգիստ լինել, բայց չի բացառվում, որ կարող են դիմել ինչ-որ արկածախանդրության, արտաքին քաղաքական իրավիճակը սրելու: Մենք պետք է այս ամենը հաշվի առնենք, և շարունակենք ուժեղացնել մեր բանակը»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս