ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին: ՀՔԾ-ի այս ձգտումներն ավելի խորացան հատկապես նախորդ տարվա փետրվարից, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի, Վլադիմիր Գասպարյանի եւ այլոց նախաքննական ցուցմունքները: Սակայն ուշագրավ է, որ դեռեւս անցած տարվա գարնանը, երբ որոշ հրապարակումներին հաջորդեց նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, ՀՔԾ-ն պաշտոնական-նախազգուշական հայտարարություն տարածեց, թե լրատվամիջոցը հրապարակել է նախաքննական գաղտնիք, եւ պահանջեց աղբյուրի բացահայտում, ինչը, բնականաբար, օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի կողմից չարվեց, քանի որ դա դեմ է մեր սկզբունքներին: Իրեն հարգող ոչ մի պրոֆեսիոնալ լրագրող չի կարող ինֆորմացիայի աղբյուր բացահայտել: Նշենք, որ երբ մեզ պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը վերծանել է Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին, Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ երեկ Երեւանի վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, կայացավ այս գործով Քնար Մանուկյանի բողոքի քննությունը: Դատավորը վճիռ կայացրեց՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել: Այսինքն՝ Քնար Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանումները հանելը ապօրինի է, ինչը ենթադրում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինություն են գործել ու պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք հետամուտ կլինենք:

 

 

Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին: Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության: Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին:

 

 

Երեւանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը Երեւանի քաղաքապետարանի կողմից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, որի արդյունքում, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան: Նշենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի մասին քաղաքապետարանը մեծ շուքով հայտարարեց, թե շուրջ 500 աշխատակիցների կարիք ունի։ Իսկ մինչ այդ «Կանաչապատում» ՓԲԸ-ներում աշխատել է 600-ից ավելի մարդ: Ավելին, սեզոնին՝ հիմնականում գարնանը, այդ ՓԲԸ-ներում աշխատողների թիվը հասել է 700-ի: Եվ մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոգեւորված հայտարարում են, թե նոր հիմնարկ են ստեղծում, 500 աշխատատեղ են բացում, այս ընթացքում Երեւանի կանաչապատմամբ զբաղվող փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ: Բանն այն է՝ նրանք չգիտեն՝ ինչ ճակատագիր են ունենալու՝ աշխատելու են, թե ոչ նորաստեղծ ՀՈԱԿ-ում: Ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատողներ կընկնեն կրճատման տակ: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այդ ՓԲԸ-ների աշխատակիցները հիմնականում կտեղափոխվեն նորաստեղծ ՀՈԱԿ: Իրենց անպայման կտեղեկացնեն տեղափոխման մասին»:

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի 2018 թվականի մարտի 7-ի No66Ա որոշումը: Այլ կերպ ասած, ուժը կորցրած կճանաչի «Լիդիան Արմենիա» ընկերությանը դեռեւս 2018 թվականի մարտի 7-ին տրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը: Նշենք, որ հանձնաժողովը Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը տրամադրել էր 152,625ՄՀց եւ 157,625ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը ոչ միայն ուժը կորցրած է ճանաչում այդ որոշումը, այլեւ ընկերությանը պարտավորեցնում է պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը: Թե որքան է կազմում այդ գումարը, հայտնի չէ, քանի որ հանժնաժողովի պաշտոնական կայքէջում այդ մասին ինֆորմացիան փակ էր:




Լրահոս