ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽՈՍԵԼ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին քրեական գործի շրջանակներում ստուգում է, թե ովքեր են զանգահարել կամ ում են զանգահարել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ նրա ընտանիքի անդամները: Հիմա քննիչները հերթով զանգահարում են բոլոր անձանց եւ ներկայացնում իրավիճակը՝ խնդրելով բացատրել, թե ինչու են զանգահարել ԱԱԾ նախկին տնօրենին կամ նրա ընտանիքի անդամներին: Ապա բոլորին հերթով խնդրում են ներկայանալ նախաքննական մարմին:
Նախաքննական մարմինն այս քայլով փորձում է պարզել՝ միգուցե Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս ընտանիքի անդամներին սպառնացել են կամ հեռախոսով զանգահարել եւ կոնկրետ բան են ասել, ինչի հետեւանքով էլ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը կարող էր կորցնել ինքնատիրապետումն ու, նախնական վարկածի համաձայն, ինքնասպան լինել:
Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռ հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին, ինչը կամ ով կարող էր նրան դրդել ինքնասպանության, եւ ինչու է նա իր բնակարանում 35 կրակոցներ արձակել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Կուտոյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակ փողոցում գտնվող, իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի՝ իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ. Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿԵՑ, ՀԱՆՁՆՎԵՑ
Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է:
Դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ բանակցողը: Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել:
Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Երեւանի Էրեբունի համայնքում՝ «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում, 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել մի բնակչուհու, եւ ոստիկանները նրան վնասազերծեցին՝ կրակոցներով սպանելով նրան: Իսկապես, երկրում իրավիճակ է փոխվել:
Ինչեւէ, նշենք, որ արդեն հայտնի է երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան: Նա ծնվել է 1987 թվականին Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զենքը, որով կրակել է, որսորդական էր, ապօրինի:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3՝ 185 /ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/, 218 /պատանդ վերցնելը/ եւ 235 /ապօրինի զենք պահելը, օգտագործելը/ հոդվածների հատկանիշներով: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:
Իսկ ինչո՞ւ էր նման արարքի դիմել: Իրավապահները դեռ չեն շտապում վարկածներ առաջ քաշել: Միայն հայտնի է, որ նրա ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ, քաղաքականացված է եղել: Նա սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում Քոչարյանի որոշ աջակիցներ նրան հեռացրել են ֆեյսբուքյան ընկերների ցանկից:
Գործի մանրամասները կհայտնենք առաջիկայում:

 

 

ԿԿՐՃԱՏՎԵՆ
Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը 2022 թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի: ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ նշելով, որ սույն օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի՝ մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ:

 

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին. «Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երեւանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարեւոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան եւ մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարակումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը»:

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
«Ողջունում ենք կառավարության դիրքորոշումը՝ որոշակի ժամանակով սպանդանոցային մորթին անցնելու որոշման հետաձգումը»,- այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ մոտ 2 շաբաթ է՝ տարբեր խմբերի հետ քննարկումներ են ունեցել. «Ուզում ենք հասկանալ գյուղացիներին, մսագործներին, սպանդանոցներին եւ նախարարությանը: Մինչեւ փետրվարի 6-ը կառավարությունը կներկայացնի աջակցման գործիքներ, որով մսագործները կկարողանան իրենք հիմնել իրենց փոքր սպանդանոցները կամ շարժական սպանդանոցները»,-ասել է նա:

 

 

 

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ազատ է արձակվել: Պաշտպան Ամրամ Մակինյանը նշել է, որ դատարանի կողմից սահմանված 20 մլն ՀՀ դրամը փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին: Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացվել երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից: Դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի կալանավորման երկարաձգման միջնորդությունը՝ միաժամանակ բավարարելով պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը:

 

 

 

ԿԱՎԵԼԱՑՎԻ՞
Առաջարկվում է ավելացնել պահեստի զինապարտների համար առանց հարգելի պատճառի Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարած հավաքներին ու զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու տուգանքը. այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ եթե պահեստի զինապարտը իր զինկոմիսարիատից ծանուցում է ստանում, որ պարտավոր է ներկայանալ՝ մասնակցելու զորավարժությունների կամ հավաքների, բայց չի կատարում այդ պահանջը՝ չունենալով հարգելի պատճառ, ապա նրա նկատմամբ, օրենքով նախատեսված կարգով, կկիրառվի տուգանք՝ 30 հազար դրամի չափով՝ նախկին 20 հազար դրամի փոխարեն: Իսկ եթե մեկ տարվա ընթացքում պահեստայինը երկու անգամ հրաժարվի կատարել զինկոմիսարիատի այդ պահանջը, տուգանքը կավելանա մինչեւ 50 հազար դրամ:

 

 

 

ԱԶԱՏ Է
«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ: Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ այդպիսով մերժելով Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը: Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2019թ. դեկտեմբերի 12-ին: Վարդանյանը կալանավորվել էր յուրացման կամ վատնման հոդվածով, ապա գրավով ազատ արձակվել: Հոկտեմբերի սկզբին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Վարդանյանի մասնակցությամբ նոր հափշտակության դեպք է բացահայտվել, ինչից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է:




Լրահոս