Երեւանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, ինչի արդյունքում, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան:
Նշենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ՝ ստեղծվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը շուրջ 500 աշխատակից կունենա: Համենայնդեպս, 500 աշխատատեղ ստեղծելու խոստում տվել է Երեւանի քաղաքապետարանը հատուկ տարածված հաղորդագրությամբ: Իսկ մինչ այդ «Կանաչապատում» ՓԲԸ-ներում (խոսքը Երեւանի բոլոր վարչական շրջանների «Կանաչապատում» ՓԲԸ-ների մասին է) աշխատել է 600-ից ավելի մարդ: Ավելին, սեզոնին՝ հիմնականում գարնանը, այդ ՓԲԸ-ներում աշխատողների թիվը հասել է 700-ի: Բայց սեզոնի ավարտին նրանք աշխատանքից դուրս են եկել՝ պայմանով, որ հաջորդ աշխատանքային սեզոնին նորից կվերադառնան:
Օրինակ՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը համոզված է, որ ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները եւ հստակ տնօրինել դրանք:
Պարզվում է, որ նորաստեղծ կառույցին պետական միջոցներից հատկացվելու է 3 մլրդ 400 մլն դրամ, որից միայն 2 մլրդ 200 մլն դրամը կազմելու են աշխատավարձի ծախսերը: Ըստ քաղաքապետարանի՝ ՀՈԱԿ-ի աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է՝ Երեւանի վարչական շրջաններում կանաչապատում իրականացնող ՓԲԸ-ներում աշխատողների աշխատավարձերի հետ համեմատած:
Բացի այս, նկատենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՈԱԿ-ին աջակցելու կոչով դիմել է երեւանցիներին գույքը համալրելու համար. «Ակնհայտ է, որ այս պահին համայնքն ամբողջ գույքը չի կարող համալրել, կոչ եմ անում երեւանցիներին եւ սփյուռքի հայրենակիցներին մասնակցություն ունենալ ՀՈԱԿ-ի գույքի համալրման հարցում»: Արդյոք Սփյուռքը կամ երեւանցիները կարձագանքեն քաղաքապետի կոչին՝ ցույց կտա ժամանակը: Բայց մինչ այդ նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծման նախագծին: Ավելին, «Լույս»-ը դեմ է արտահայտվել քաղաքապետարանի կողմից համայնքային եւս մեկ կազմակերպություն ստեղծելու հարցում: Խոսքը Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի մասին է: Ի դեպ, այս համայնքային հիմնարկի աշխատակիցների թիվը 424-ից դարձել է 635:
Բայց ,չնայած սրան, որոշումն ընդունվել է 45 կողմ, 3 դեմ եւ 0 ձեռնպահ ձայնով:
Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոգեւորված հայտարարում են, թե նոր հիմնարկ են ստեղծում, 500 աշխատատեղ են բացում, այս ընթացքում Երեւանի կանաչապատմամբ զբաղվող փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ: Բանն այն է՝ նրանք չգիտեն՝ ինչ ճակատագիր են ունենալու՝ աշխատելու են, թե ոչ նորաստեղծ ՀՈԱԿ-ում: Ի դեպ, վերջին երկու օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այդ ՓԲԸ-ների աշխատողներից հեռախոսազանգեր ստանալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատողներ կընկնեն կրճատման տակ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիմնարկի ստեղծմանը դեմ քվեարկած Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց. «Պլանավորվում է հետեւյալ կերպ՝ ՓԲԸ-ները լուծարել եւ ամբողջը անցկացնել այդ ՀՈԱԿ-ի տակ: Իրենք գոնե բանավոր խոստացել են այդ մարդկանց աշխատանքի տեղավորել ՀՈԱԿ-ում: Կանեն դա, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց, ըստ էության, դա եղածի վերակազմավորում է ենթադրում»:
Ըստ Խաժակյանի՝ «Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատողները պետք է դիմեն ՀՈԱԿ, որ իրենց տեղավորեն աշխատանքի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատողների մեծ մասը տարիքով մեծ են (50-անց), ու նրանք են հիմնականում խիստ մտահոգված, որովհետեւ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած: «Այդ հարցը բարձրացվել է. ես էլ հույս ունեմ, որ իրենց առաջնային կարգով կտեղավորեն, որովհետեւ իրենց գործատուն եղել է համայնքային ՓԲԸ-ն: Հույս ունեմ, որ նորաստեղծ հիմնարկն էլ նույն կերպ կվարվի: Բայց այլ իրավակարգավորում, պարտավորություն չունեն, այսինքն՝ դա մեր ակնկալիքն է, որ այդպես կանեն»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ ինչու է դեմ քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծման նախագծին: Մեր հարցին ավագանու անդամ Խաժակյանն արձագանքեց. «Որովհետեւ սա հակամրցակցային բան է եւ անիմաստ բեռ է, որով պետք է զբաղվի քաղաքապետարանը այն պարագայում, երբ կարելի էր տալ մասնավոր ընկերության»:
Բայց զրույցի ընթացքում Դավիթ Խաժակյանին ներկայացրինք աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության օրինակը, որը, ինչպես հայտնի է, մասնավոր է: Եւ եթե այս գործառույթը դարձյալ տրվի մասնավոր ընկերության, ապա ի՞նչ երախշիք, որ արդյունավետ կաշխատի: Սակայն, ըստ Խաժակյանի, որեւէ մասնավոր ընկերություն, որը մենաշնորհ ունի, վատ է աշխատում: «Որեւէ համայնք կամ պետական կառույց, որն ունի մենաշնորհ, աշխատում է շատ ավելի վատ: Մենք առաջարկում ենք, հատկապես՝ կանաչապատման դեպքում, ըստ վարչական շրջանների՝ ներգրավել տարբեր մասնավոր կազմակերպությունների, որոնք իրար հետ կմրցեին: Իրենք գնացել են բոլոր հնարավոր տարբերակներից ամենավատով: Իհարկե, երբ «Սանիտեք»-ը մենակ էր, վատ էր: Բայց կարելի էր անել այլ կերպ, այլ օպերատոր ներագրավել: Իսկ հիմա կանաչապատման դեպքում այդ հնարավորությունը շատ ավելի մեծ է: Աղբահանությունը բարդ է կազմակերպել ամբողջ քաղաքում, իսկ կանաչապատումը առանձին վարչական շրջաններում կարելի էր դա հեշտ անել»,- պարզաբանեց Խաժակյանը:
Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Կանաչապատում» ՓԲԸ-ների աշխատողների կողմից բարձրաձայնած խնդրին, ասաց. «Այդ ՓԲԸ-ների աշխատակիցները հիմնականում կտեղափոխվեն նորաստեղծ ՀՈԱԿ: Իրենց անպայման կտեղեկացնեն տեղափոխման մասին»:
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու կարգում լրացումներ եւ փոփոխություններ կկատարվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններ կատարելուց հետո հնարավորություն կընձեռվի եւս երկու խմբի պատկանող ուսանողների օգտվելու պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունից:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ֆինանսական աջակցությունից կօգտվեն բուհեր. այն կտրվի սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված եւ անվճար համակարգում չընդգրկված, երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաեւ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվել է, ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի շրջանակում առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողներին տրամադրել պետական կրթաթոշակ: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ այս լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ բուհերում կրթաթոշակ տրամադրվում է անվճար համակարգ առաջին կուրս ընդունված ոչ բոլոր ուսանողներին: Այսինքն` ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, իսկ առաջին կուրսում դրա գրավականը ընդունելության մրցույթի արդյունքներն են: Ստացվում է, որ բոլոր բուհերի առաջին կուրսի ուսանողներին հնարավորություն կընձեռվի օգտվելու պետական կրթաթոշակ ստանալու իրավունքից: Նշենք, որ այս որոշման նախագիծը երեկ է տեղադրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւ արդեն երեկվա դրությամբ հասցրել է հավաքել 6 կողմ եւ 1 դեմ ձայն:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
Չնայած Տավուշի մարզկենտրոնում ավելի քան երկու տասնամյակ գործում է մանկավարժական կադրեր պատրաստող ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, այնուամենայնիվ, մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղեր շատ կան: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ դպրոցներում ուսուցիչների թափուր աշխատատեղերը համալրված են ժամկետային պայմանագիր կնքած աշխատակիցներով, կամ ժամանակավորապես տրվել են հարակից առարկաների մասնագետներին մինչեւ մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ պայմանագիր կնքելը: Ըստ սահմանված կարգի՝ սահմանամերձ համայնքների դպրոցներում ժամանակավոր աշխատանքային պայմանագրով աշխատելու իրավունք ունեն նաեւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողները: Թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով Տավուշի մարզպետարանը համագործակցում է «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ:
Ուշագրավ է, որ ուսուցչի թափուր տեղեր կան նաեւ մարզկենտրոն Իջեւանի, Բերդ եւ Այրում քաղաքների հանրակրթական դպրոցներում: Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցում առկա է ֆիզկուլտուրայի 18 դասաժամը մասնագետ ուսուցչի կողմից դասավանդվելու խնդիրը: Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի աղջիկների եւ տղաների խմբերում տեխնոլոգիայի առարկայի 4-ական դասաժամերը դասավանդվում են ոչ մասնագետ ուսուցչի կողմից: Այրում քաղաքի միջնակարգ դպրոցում Տեխնոլոգիա առարկայի 4 դասաժամը նույնպես դասավանդվում է ոչ մասնագետի կողմից: Մարզի սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ դպրոցներում առկա են տարբեր առարկաների տարբեր քանակի դասաժամեր, որոնք չեն դասավանդվում մասնագետների կողմից: Նման դասաժամեր առկա են Ազատամուտի, Գանձաքարի, Սեւքարի, Այգեհովտի, Կայանի, Դիտավանի, Բերքաբերի, Կիրանցի, Հաղարծնի, Խաչարձանի, Հովքի, Բարեկամավանի, Պտղավանի, Ոսկեվանի, Բագրատաշենի, Զորականի, Դեբեդավանի, Բաղանիսի, Այգեձորի, Չինչինի, Վերին Կարմիրաղբյուրի, Իծաքարի, Վարագավանի, Պառավաքարի, Նորաշենի, Մովսեսի հանրակրթական դպրոցներում: Մարզի դպրոցներում, ի թիվս այլ մասնագետների, լեզուների մասնագետ ուսուցիչների պակաս է զգացվում:
Պտղավանի միջնակարգ դպրոցում՝ հայոց լեզվի եւ գրականության 11 դասաժամը, Հովքի միջնակարգ դպրոցում՝ անգլերենի 14 դասաժամը, Դիտավանի եւ Իծաքարի հիմնական դպրոցներում՝ ռուսաց լեզվի 14-ական դասաժամերը, Սեւքարի միջնակարգ դպրոցում ֆրանսերենի 14 դասաժամը դասավանդվում են ոչ մասնագետների կողմից: Տավուշի հանրակրթական դպրոցներում զգացվում է ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի, երգ-երաժշտության, կերպարվեստի, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության եւ այլ առարկաների մասնագետ ուսուցիչների կարիքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ