«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ 2020-ԻՆ ՄԱՅՐԱՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է: Ավելի քան մեկ տարի էկրաններից բացակայելուց հետո նա վերադարձել է իր աշխատանքին եւ կրկին զբաղվում է սիրելի գործով: «Ժողովուրդ» օրաթերթը Շուշաննայի հետ զրուցել է 2020 թվականի հետ կապված ծրագրերի, ամուսնական կյանքի, ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ:

-Շուշաննա՛, էկրաններից տեւական ժամանակով բացակայելը պայմանավորված էր Ձեր ամուսնությա՞մբ: Հիմա արդեն անձնական փորձից ելնելով՝ ի՞նչ կասեք, ստացվու՞մ է համատեղել անձնականն ու գործնականը:
-Մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձա իմ աշխատանքին: Կարող եմ ասել, որ կարոտել էի այն մթնոլորտը, որը տիրում է նկարահանման հրապարակում, նույնիսկ ծանրաբեռնվածությունն ու վազվզոցն էի կարոտել: Դադարը տրամաբանական էր, պայմանավորված էր անձնական կյանքում փոփոխությամբ, բայց ես մշտապես պլանավորում էի վերադառնալ: Իհարկե, հիմա այնպիսի գրաֆիկով եմ աշխատում, որը չի խանգարում նաեւ ընտանեկան կյանքին: Անձնական եւ գործնական կյանքը կարելի է հաջողությամբ համատեղել. ամեն բան կախված է մեծ ցանկությունից, ուժերի կենտրոնացումից եւ ժամանակի ճիշտ բաշխումից: Բնականաբար, հնարավոր չէ անձնականն ու գործնականը համատեղել եւ իդեալական լինել երկու տեղում էլ: Փառք Աստծո, կոլեգաներիս մեջ եւ ընտանիքում ինձ շրջապատում են ադեկվատ մարդիկ, որոնք ըմբռնումով են մոտենում իմ զբաղվածությանը:
-Ձեր ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, պահանջկո՞տ է, մանրախնդի՞ր է կենցաղում, տանը:
-Ոչ, երբեմն ինձ պատմում են այս կամ այն տղամարդու խստության մասին, եւ ես հասկանում եմ, որ իմ ամուսինն ամենեւին էլ այդպիսին չէ: Ես էլ չեմ սիրում բանը հասցնել նրան, որ ինձ նկատողություն անի: Ամեն դեպքում, ինքս շատ մանրախնդիր չեմ, փորձում եմ առաջնային անել ամենակարեւոր գործերը: Աշխատելու հետ մեկտեղ մարդը պետք է կարողանա նաեւ կյանքը վայելել: Ժամանակը շատ արագ է անցնում, եւ եթե սկսես ամեն մանրուքի վրա ֆիքսվել, չես հասցնի ապրել:
-Երկուսով նախընտրում եք ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ: Սովորաբար ինչպե՞ս եք անցկացնում հանգստյան օրերը:
-Պասիվ հանգստի սիրահար ենք, քանի որ մեր աշխատանքն ինքնին բավական ակտիվ է, բայց ամեն բան կախված է տվյալ պահի մեր տրամադրությունից: Իհարկե, պասիվ հանգստի ժամանակ շատ ենք սիրում քնել:
-Ի՞նչ հարցերի շուրջ եք սովորաբար վիճում: Ի՞նչը կարող է Ձեր ամուսնուն հունից հանել:
-Շատ տարբեր հարցերի շուրջ կարող ենք վիճել, օրինակ՝ տվյալ պահին իմ արագ չկողմնորոշվելը, շտապելը, անհամբերություն ցուցաբերելը, երեխայական կապրիզներ անելը կարող են վեճի առիթ դառնալ: Քանի որ ես գիտեմ, որ կողքիս ունեմ նման տղամարդ, սկսում եմ թուլանալ եւ երբեմն չարաճճիություններ եմ անում: Օրինակ՝ աշխատանքի վայրում ավելի զգաստ եմ, բայց ամուսնուս կողքին ինձ թույլ եմ տալիս թուլանալ:
-Ասում են՝ եթե կինն իրեն երեխայի պես է պահում, ուրեմն երջանիկ է. համաձա՞յն եք:
-Դա էլ կա: Այդ դեպքում կինն իրեն պաշտպանված է զգում: Եթե կինը միշտ զգաստ է, ուրեմն ինչ-որ բանից լարվում է…
-Շուշաննա՛, եւ վերջին հարցը՝ 2020-ի հետ կապված հիմնականում ի՞նչ պլաններ ունեք՝ կապված թե՛ գործնականի, թե՛ անձնականի հետ:
-«Սիրուն Սոնա»-ն երկարաժամկետ նախագիծ չէ, բայց առջեւում ունեմ այլ ծրագրեր: Կարող եմ հանդես գալ տեսահոլովակում, ներկայացման մեջ. այդ ուղղությամբ տարվում են քննարկումներ, դեռ հստակ բան չեմ կարող ասել: Բայց, անկախ ամեն ինչից, ինձ համար ամենասպասված ծրագիրը, 2020-ի ամենամեծ ցանկությունս փոքրիկ ունենալն է, մայրանալը, Աստված առաջ…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս