Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու համապետական ընտրություններ: Սա առաջին դեպքն է, երբ Արցախում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները նույն օրն են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց նախընտրական ցուցակները:
Հայտնի է, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն այսօր Արցախում մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համարվում է ֆավորիտ ուժը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում մեծ տեղ են զբաղեցնելու երիտասարդ, նոր դեմքերը: Իհարկե, կուսակցության նախընտրական ցուցակում, ամեն դեպքում, կլինեն նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք իրենց անցած ճանապարհով եւ փորձով պետք է օգնեն թիմին, բայց շեշտադրումն արվելու է թարմ կադրերի վրա:
Ըստ էության, Արցախի ամենախոշոր կուսակցություն հանդիսացող «Ազատ հայրենիք» կուսակցությունն այսպես ձգտում է հասնել սերնդափոխության: Հավելենք, որ նախագահական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն լինելու է Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախկին վարչապետը: Նրա նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ունի նաեւ Հայաստանի հեղափոխական իշխանությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը՝ հասկանալու համար, թե ով, երբ, ինչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենի հետ: Եւ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն, դիմում ուղարկելով դեսպանատուն, խնդրել է, որպեսզի իրենց օգնեն եւ տեղեկություններ տրամադրեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսանողական գործունեության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյոք քննությունները բարեհաջող է հանձնել, ինչ խնդիրներ է ունեցել ուսումնառության ընթացքում եւ այլ մանրամասներ: Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն եւս. Կուտոյանը Սբ. Էդմունդի քոլեջում իրավագիտություն էր սովորում Cambridge Trust կրթաթոշակով: Այսինքն՝ Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել:
Երեկ Ազգային ժողով էր եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարարը երեկ խորհրդարանում դռնփակ հանդիպում է ունեցել ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ եւ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ: Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին եւ այդ առնչությամբ պատգամավորների անելիքներին միջազգային հարթակներում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախ-Հայաստան խորհրդարանական համատեղ նիստ անցկացնելու հիմնական թեմաներից մեկն էլ հենց դա է եղել: Հավելենք, սակայն, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հունվարի 26-ին մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Մենք տեղեկացանք, որ նստաշրջանի ժամանակ սպասվում է մամուլի ազատության եւ լրագրողների անվտանգության մասին քննարկում, եւ զեկույց կներկայացվի Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին: Զեկույցի նախագծում խորը մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում:
Նախօրեին «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած եւ ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է զենքով ներս մտել, ինչու է կրակել, նա բանավոր բացատրել է, թե ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ասել է՝ գնա՛ այդ քայլին: Ավելին՝ նա խնդրել է իրեն ժամանակ տալ, որ իր միջի մարդու հետ խոսի, որպեսզի կարողանա պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին: Այնուհետեւ նա ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան ունի ասելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ իրավապահները նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ ինչքանով է հոգեպես հավասարակշիռ վիճակում եղել Արթուր Թորոսյանը հարձակում գործելիս: Նկատենք նաեւ, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Արթուր Թորոսյանը որսորդական զենքը գնել է օրեր առաջ հենց հյուրանոց մտնելու նպատակով: