«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 16-ին խորհրդարանում ստեղծված ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խումբն առաջիկա շաբաթը նախատեսում է նիստ անցկացնել, որի ժամանակ պետք է ամփոփեն իրենց միացած հասարակական կազմակերպությունների հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ արդյունք ունեն իրենց նորաստեղծ աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված:
-Պարո՛ն Խանդանյան, դեռեւս հունվարի 9-ին Դուք հայտարարել էիք, որ հրավիրում եք հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ փորձագետների, որպեսզի միանան Ձեր աշխատանքային խմբի աշխատանքներին: Ամփոփե՞լ եք արդեն, ի՞նչ արդյունք ունեք:
-Այո, ամփոփել ենք, այս պահին մոտ 20 հասարակական կազմակերպություն եւ անհատ փորձագետներ են դիմել աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Ներկայացրել են իրենց գործունեության մասին. որպեսզի մեր աշխատանքը արդյունավետ լինի, եւ այդ փորձագիտական ներուժը արդյունավետ կարողանա ընդգրկվել աշխատանքներում, մենք նշել ենք, որ պետք է այդ կազմակերպությունը առնվազն 5 տարվա գործունեություն իրականացրած լինի, եւ, ընդհանրապես, խոսքի ազատության, ատելության խոսքի թեմայով ունենան կատարված աշխատանք 2015 թվականի դեկտեմբերից մինչեւ հիմա: Այդ կազմակերպություններն ուղարկել են այդ տեղեկատվությունը, ու մենք հաջորդ հանդիպմանը կքննարկենք այն, ինչ ներկայացվել է:
-Իսկ ե՞րբ է լինելու Ձեր աշխատանքային խմբի նիստը:
-Նախատեսում ենք անցկացնել հաջորդ շաբաթ, որի ժամանակ արդեն կորոշենք, թե որ կազմակերպություններն ու փորձագետներին է ավելի նպատակահարմար ներառել աշխատանքային խմբի աշխատանքներում:
-Այսինքն՝ դիմածներից կլինեն կազմակերպություններ, որոնց չե՞ք ընդգրկելու Ձեր աշխատանքային խմբի աշխատանքներում:
-Գուցե ինչ-որ կազմակերպությունների կամ անհատ փորձագետների պրոֆիլներ չհամապատասխանեն աշխատանքային խմբի նպատակներին, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դիմածների մեծ մասը կներգրավվեն մեր աշխատանքներում, որովհետեւ կազմակերպությունները հիմնականում բավականին փորձառու եւ շատ աշխատանք կազմակերպած կազմակերպություններ են:
-Իսկ որո՞նք են այն հասարակական կազմակերպությունները, որ դիմել են Ձեզ, խնդրում եմ, նշե՛ք նրանց անունները:
-Օրինակ՝ ՀԿ-ներից դիմել են «Եվրասիա համագործակցության» հիմնադրամը, «Սոցիոսկոպ» կազմակերպությունը, դիմել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, դիմել է Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Խոսքի ազատության» կենտրոնը, «Տեղեկատվության ազատության կենտրոն»-ն է դիմել եւ մի քանի տասնյակ ՀԿ-ներ, այս պահին իրենց անունները հիշեցի: Այսինքն՝ նրանք, ովքեր զբաղվել են նաեւ մամուլի ազատության, խոսքի ազատության ամրապնդման հարցերով ու այդ ուղղությամբ հետազոտություն են իրականացրել:
-Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքային խումբը նպատակ ուներ դիմել նաեւ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանին աշխատանքներին միանալու համար. դիմե՞լ եք, համաձա՞յն է:
-Արա Ղազարյանն արդեն դիմել է աշխատանքային խմբին որպես առանձին փորձագետ, «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւս միացել է մեր աշխատանքին: Պարոն Ղազարյանը այս գործով բավականին շատ գործ ունի կատարած եւ նաեւ այս հարցերով հայցեր ունի ներկայացրած որպես փաստաբան ՄԻԵԴ-ում: Մի քիչ տոնական միջոցառումների պատճառով մեր աշխատանքային պրոցեսները ձգձգվեցին, բայց մենք արդեն շատ ակտիվ սկսելու ենք մեր աշխատանքները: Փետրվարի հենց սկզբից մենք ամսեկան առնվազն երկու անգամ հանդիպելու ենք, եթե անհրաժեշտություն եղավ՝ ավելի հաճախ, որպեսզի մինչեւ ԱԺ նստաշրջանի ավարտը մենք ունենանք նախաձեռնություն:
-Կա՞ն ժամկետներ սահմանված աշխատանքային խմբի համար, քանի՞ ամիս կտեւեն Ձեր աշխատանքները արդյունք ունենալու համար:
-Մենք մեզ համար 6 ամսվա ժամկետ ենք սահմանել, դեռեւս անցել է մեկ ամիս, այսինքն՝ 5 ամիս մենք ժամանակ ունենք աշխատելու համար: Իսկապես ատելության խոսքի տարածումը շատացել է, մեր աշխատանքի արդյունքը այդ հարցում լինելու է օրենսդրական նախաձեռնությունը, որը, կարծում եմ, 5 ամսվա ընթացքում հնարավոր կլինի պատրաստել:
-Բայց, ըստ Ձեզ, օրենսդրական նախաձեռնությունը զսպող մեխանիզմ կլինի՞ ատելության խոսքին, որը այս ժամանակահատվածում շատ է, հասել է իր պիկին:
-Ես կարծում եմ, որ, այո, որոշակի առումով զսպող մեխանիզմ է լինելու, բայց մենք պետք է հասկանանք, որ կան հարակից օրենքներ, գործընթացներ, որոնք կարեւոր են այս խնդրի դեմ պայքարի համար: Մենք պետք է մեր գործունեությամբ նպաստենք, որ ատելության խոսքը շատ քիչ տարածություն ունենա, որպեսզի զսպի ստեղծված իրավիճակը:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր ղեկավարած աշխատանքային խումբը գա այն եզրակացության, որ պետք է սոցիալական ցանցերը փակել, որը կդառնա զսպող մեխանիզմ ատելությունը տարածելու համար:
-Ես կարծում եմ, որ չի լինելու նման բան, դա ծայրահեղ քայլ է, դա բացարձակ չի բխում ժողովրդավարական երկրի շահերից: ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, մենք որեւէ բան որեւէ կերպ չենք փակում, որը կսահմանափակի ազատ խոսքը:
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ. ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 22-ի ուշ երեկոյան համացանցում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել: Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ կան, որ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել, քանի որ այնտեղ ռուսական օդուժը զորավարժություններ է իրականացրել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտարարել էր, թե այդ տեղեկատվությունը իրական չէ: Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտարարեց, թե դրանք իրական լուրեր չեն: Սակայն մինչեւ այսօր այդպես էլ անհայտ է մնում, թե ինչ պայթյուն է որոտացել, որից ահաբեկվել են մարզի բնակիչները, եւ ամենագլխավոր հարցը՝ եթե Տավուշի մարզում ռուսական ռազմաբազա չկա, ապա որտեղի՞ց են Տավուշի մարզում հայտնվել այդ ինքնաթիռները:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տավուշի մարզից ընտրված իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք պատգամավորը պարզել է, թե իր մարզում ինչ է տեղի ունեցել, ու ինչ խուճապային իրավիճակ է ստեղծվել մարզում այդ պայթյունի հետեւանքով:
«Տեսեք, նախ եւ առաջ ես նշել էի, որ տարածվում է տեղեկատվություն, թե Ենոքավան գյուղում կործանվել է 300 հոգանոց ինքնաթիռ, մի հատվածն էլ նշում էր, թե գյուղերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ես հայտարարում եմ, որ նման բան չի եղել, դա ապատեղեկատվություն է: Ես վստահեցնում եմ, որ նման բան չի եղել, Տավուշի մարզի տարածքում որեւիցե նման բան տեղի չի ունեցել»,- հայտարարեց պատգամավորը: Մեր ճշտող հարցին, թե արդյոք ինքը կապ հաստատել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ ձայներ են լսվել մարզում, մեր զրուցակիցը հայտարարեց. «Ես ՊՆ-ի հետ որեւիցե բան չեմ խոսել, մարզում լսվել է պայթյունի ձայն, բարձր ձայն, դա եղել են օդային զորավարժություններ, ես մանրամասն հիմա ձեզ չեմ կարող ասել, բայց մոտավորապես այսպիսին է՝ կործանիչներն ունեն գերձայնային արագություն հավաքելու ֆունկցիա, ու այդ ժամանակ մեծ պայթյունի ձայն է լսվում, որից հետո հավաքում է արագություն, դա եղել է դրա հետեւանքը»:
Պատգամավորը վստահեցրեց, որ մարզում խուճապային վիճակ չկա, ուղղակի մարդիկ փորձել են հասկանալ, թե ինչ ձայներ են լսվել, դրանք պայթյուններ են, թե ոչ: Բայց մի պարզ հարց, թե ռուսական ռազմաբազայի ինքնաթիռն ինչու է հասել Տավուշի մարզ, մնում է անպատասխան:
Այս տեղեկություններին անդրադարձել էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` նշելով. «Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել` 100 զինվորների մասնակցությամբ: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռիում: Հավանաբար թռիքչների աղմուկն է եղել»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՈՐՏԵ՞Ղ ԿԼԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Հունվարի 28-ին՝ բանակի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կտարբերվեն նախորդներից: Բանն այն է, որ այս տարի միջոցառումներն ավելի շատ նախատեսվում է անցկացնել մարզերում, այլ ոչ թե Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնյաները եւս այս տարի բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ լինելու են մարզերում: Ավելին՝ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ օրը միասին կլինեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այդ նույն ժամին զուգահեռ միջոցառումներ կլինեն նաեւ այլ վայրերում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե որտեղ են այդ օրը լինելու նախարարն ու վարչապետը, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, թե իրավասություն չունեն ասելու, թե որտեղ է լինելու Նիկոլ Փաշինյանը: «Հունվարի 28-ին բանակի օրը նշվելու է ողջ հանրապետությունում: Նախարարն այդ օրը կլինի միջոցառումների վայրերից մեկում»: Հավելենք, որ հունվարի 27-ին էլ Բաղրամյան 26-ում տեղի է ունենալու պարգեւատրման արարողություն:
ԱՍՈՒՄ Է՝ ՉԻ ՀԱՎԱԿՆՈՒՄ
Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, հնարավոր է, տեղի ունենա փետրվարի կեսերին: Ըստ որոշ տեղեկությունների՝ դա կապված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականը պաշտպանելու հանգամանքի հետ, որը պետք է տեղի ունենա փետրվարի 5-ին: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հովհաննիսյանը հավակնում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայում: Իսկ ռեկտորի պաշտոնին հայտնվելու համար նա նախ պետք է դոկտորականը պաշտպանի, հետո ԲՈԿ-ը հաստատի, ինչից հետո միայն կարող է առաջադրվել ռեկտորի պաշտոնի համար: Բայց, մյուս կողմից, ռեկտոր ընտրվելու հավակնություններ ունի նաեւ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Իսկ հոգաբարձուների խորհդրի նիստին արդեն պետք է ռեկտորի պաշտոնի համար առաջադրումները ներկայացվեն: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը կտրուկ ասաց. «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա: Չեմ առաջադրվելու, չեմ էլ կարող առաջադրվել, որովհետեւ պրոֆեսորի կոչում է պետք, իսկ դա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվել, իրավասու չեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»: Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել էր նաեւ, որ բուհի ռեկտորի կանոնակարգում փոփոխություն կատարվի, ինչի արդյունքում հնարավոր կլինի ռեկտոր ընտրվել վարչական աշխատողի կարգավիճակով: Սակայն մոտ օրերս նրա առաջարկը քննարկվել, ապա մերժվել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ նախնական որոշված է եղել, որպեսզի ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի ունենա մարտին, սակայն այս առաջադրումների հետ կապված՝ հնարավոր է՝ այն փոքր-ինչ ուշանա: