ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ազգային ժողովի, եւ հատկապես՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, եւ կրկին առաջացել է խորհրդարանը ցրելու ցանկություն: «Ժողովուրդ» օրաթերթն էլ գրել էր, որ վարչապետին իշխանական խմբակցության մոտ 20 հոգուց բաղկացած ցուցակի մասին է հայտնի դարձել, ովքեր ցանկանում են դուրս գալ խմբակցությունից: Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ վերջինս որոշել է ավելի շատ հանդիպել իր թիմակիցներին, այլ ոչ թե խորհրդարանում կատարված տեղեկությունները ստանալ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կամ քարտուղար Հակոբ Սիմիդյանի միջոցով:

Եվ, ահա, վարչապետի այս ցանկություններին զուգահեռ ընդդիմության ներկայացուցիչ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ անձնական տեսակետ հայտնեց, թե ԱԺ-ն իսկապես պետք է լուծարել, սակայն արդեն ընդդիմության ջանքերով: Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր, եւ ինչո՞ւ է ամենաակտիվ պատգամավոր համարվող պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մոտ նման ցանկություն առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հենց ընդդիմադիր պատգամավորից:
«Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների (որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին եւ մինչ օրս չեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում) ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենք ինչով են զբաղվելու:
Էտ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայնները տաք տեղից է գալիս», – նախ նշեց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամի համար բավարար է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատները, իսկ հաջորդներն էլ չվերցնեն դրանք:
«ԱԺ կանոնակարգ-օրենքը բազմաթիվ դրույթներ է պարունակում, համաձայն որոնց՝ խորհրդարանում պետք է լինի ընդդիմություն: Հիմա Ազգային ժողովում ստեղծվել է աննախադեպ թշնամական մթոնոլորտ, երբ իշխանությունը չի հանդուրժում որեւէ քննադատություն, եւ սվիններով են դիմավորում ցանկացած բառ: Այս մթնոլորտում ես պարզապես ասել եմ իմ անձնական կարծիքը, ուզում եմ ընդգծել, որ սա խմբակցության կարծիքը չէ, որ, որպես պատիժ, լավ կլինի՝ ընդդիմությունը հրաժարվի իր մանդատներից, եւ այս դեպքում կառաջանա սահմանադրական ճգնաժամ ԱԺ-ում: Հաջորդները եւս չեն գալիս, եւ ԱԺ-ն չի կարող բաղկացած լինել միայն իշխանությունից, ինքնըստինքյան առաջանալու է սահմանադրական ճգնաժամ», – հավելեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս դեպքում Ազգային ժողովը պարզապես իրավունք չի ունենա գործելու, քանի որ խորհրդարանը կհամարվի հակասահմանադրական: «Քվորում կլինի, քանի որ իրենք մեծամասնություն են: Պարզապես ԱԺ-ն չի կարողանա գործել առանց ընդդիմության: Այսօր մեկ-մեկ իրենք ասում են՝ սահմանադրական ճգնաժամ է առկա, սակայն դա կլինի այն դեպքում, երբ խորհրդարանում ընդդիմություն չլինի: Ընդդիմությունը պարտադիր է», – պարզաբանեց նա:
Պետրոսյանի խոսքով՝ սա իր անձնական տեսակետն է, այն հայտնել է խմբակցությունում, կիսվել իր կարծիքով, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից որեւէ մեկի հետ այս թեմայով քննարկում չի ունեցել: «Սակայն չի նշանակում, որ իմ անձնական կարծիքը չեն կարող ուսումնասիրել, որ դրան համաձայնեն: ԱԺ-ում աննախադեպ թշնամական մթնոլորտ է, իրենք առհասարակ չեն հանդուրժում ոչ մի թշնամանք, տառապում են անսխալականության վարկածով եւ եթե ինչ-որ բան ասում են, որը չի համընկնում, քեզ հռչակում են սեւ, հակահեղափոխական, դեմագոգ եւ այդպես շարունակ: Եվ այդ պայմաններում նույնիսկ անցանկալի է դառնում ԱԺ-ում աշխատելը: Որ այդպես հելնում են՝ օգտվելով նրանից, որ մեծամասնություն են, եւ իրենց լավ տղու տեղ դրած՝ ամպագոռգոռ հայտարարություններ անում, թող այդ նույն տրամադրությամբ փորձեն հանրության մեջ քայլել, տեսնենք՝ նրանցից շատերն ինչ թուքումուրի ու պարսավանքի կառաջանան, մնացածը՝ հաջորդիվ», – հավելեց նա:
Ինչեւէ, փորձեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանից պարզել՝ տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք, թե ոչ, սակայն նա նշեց. «Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա, բայց ես չեմ տեսնում որեւէ օբյեկտիվ պատճառ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս
Երեկ՝ ժամը 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, ասել է մի քանի զինվորների՝ այն կողմ գնացե՛ք, ու կոնկրետ անձանց ուղղությամբ սկսել է կրակել: Զինվորները սկսել են այս ու այն կողմ փախչել, որից մեկը ընկել է, ոտքն է կոտրվել, իսկ մյուս զինվորը թեթեւ հրազենային վնասվածք է ստացել: Նշենք, որ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում: Երեկվա դրությամբ իրավապահները դեռեւս փորձում էին ստանալ հիմնական հարցի պատասխանը, թե ինչն է եղել այս դեպքի հիմնական պատճառը, ինչից է Զաքարեանը այդ աստիճան նյարդայնացել, որ կրակել է զորքի վրա: Նկատենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանը: Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է, եւ արդեն 1,5 ամիս է, ինչ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է: Ըստ նախնական վարկածի՝ Արթուր Աբաջյանը կրակել էր Մելիքբեկյանին եւ, ամենայն հավանականությամբ, տեսնելով զինակից ընկերոջ վիճակը՝ ինքնասպան էր եղել: Փաստ է մեկ բան, որ այս դեպքից անցել է 1,5 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչն է եղել դեպքի պատճառը: Մինչ իրավապահները լռում են, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոնկրետ քայլեր չի անում նմանօրինակ դեպքերի պատճառները վեր հանելու եւ կանխարգելելու համար:

 

 

ՊԱՇՏՈՆ՝ ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նույնպես դիմել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար: Խոսքն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթի մասին է, որում հաղթող է ճանաչվել երեք անձ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հաղթողներից մեկն էլ եղել է Վիլենը:
Նշենք, որ ի սկզբանե մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 7 անձ, մասնակցել էին 5-ը, իսկ հաղթող են ճանաչվել 3-ը: Եվ այս պարագայում ՀՀ առողջապահության նախարարը եռօրյա ժամկետում պետք է հաղթող ճանաչվածներից մեկին նշանակի կենտրոնի տնօրենի պաշտոնում: Ու քանի որ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, մենք տեղեկացանք, որ նշանակումն արդեն կլինի հունվարի 29-ին: Եվ տեղեկություններ են շրջանառվում, թե, ի վերջո, նշանակվելու է հենց Գաբրիելյանը, որը մասնագիտությամբ դեղագետ է: Երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:

 

 

 

ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՉՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

 

 

 

ԱԺ-Ի ՇԵՆՔԸ ԿՓՈՓՈԽՎԻ
Առաջիկայում ՀՀ Ազգային ժողովի շենքի արտաքին տեսքը կենթարկվի որոշակի փոփոխությունների: Խոսքը դեռեւս վերաբերում է միայն շինության արտաքին լուսավորությանը: Հնարավոր է՝ այգու հետ կապված էլ որոշակի մտահղացումներ իրականացվեն: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: Շենքի ներսում եւս, ըստ նրա, փոփոխություններ են լինելու, սակայն արդեն բոլորովին այլ տրամաբանության մեջ: Ինչ վերաբերում է շենքը փոփոխությունների ենթարկելու թույլտվությանը, Գալստյանը նշեց, որ դեռ պետք է հիմնավորումներ ունենան, թե ինչու են ցանկանում փոխել, իսկ մնացածը օրենսդրական առումով կուսումնասիրեն եւ կանեն ըստ դրա:

 

 

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ես ուսումնասիրել եմ Երեւանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը եւ ապշել եմ: Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: «Պարզվել է՝ այս երկու տարվա մեջ լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմում, կազմում ներառվել են ՔՊ-ի կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ապշել եմ, պարո՛ն նախարար, որովհետեւ Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, եւ դա ճիշտ չէ: Սա պարզապես անթույլատրելի է»,- ասել է նա:

 

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանն առաջարկում են էլեկտրական էներգիայի արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դարձնել հրապարակային ու մատչելի: Կառավարությունը հարցի էության հետ խնդիր չունի, սակայն Արդարադատության նախարարությունը մտահոգություն ունի, առաջարկում են հետաձգել նախագծի քննարկումը, մինչեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու վերաբերյալ կարգավորումներն ամբողջությամբ կգործեն:

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից:




Լրահոս