ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կկատարվեն: ՀՀ արդարադատության նախարարությունն այս մասին որոշման նոր նախագիծը երեկ քննարկման դրեց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրացում կկատարվի օրենսգրքի 142-րդ հոդվածում՝ սահմանելով կալանքից ազատման նոր հիմք, այն է՝ ծանր հիվանդության հետեւանքով կալանքից ազատելը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներին, միջազգային-իրավական փաստաթղթերին:
Ինչպես հայտնի է, օրենսդրությամբ հստակ կանոնակարգված չէ այն ժամկետը, որի ընթացքում դատարանը կարող է քննել դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը, ինչը, բոլորիս է հայտնի, առաջացնում է անդառնալի հետեւանքներ: Օրինակ՝ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետեւանքով: Ընդ որում՝ վերջին 2 դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացություն առ այն, որ անձն ունի պատժի կամ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն, եզրակացությունն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, վերջինս հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչեւ դատարանի կողմից նշանակված դատական նիստի կայացումը անձինք մահացել են: Օրինակ՝ նրանցից մեկի վերաբերյալ բժշկական հանձնաժողովի կողմից պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության վերաբերյալ կայացված եզրակացության հիման վրա՝ այս տարվա հունվարի 8-ին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի միջնորդագիրն ուղարկվել է դատարան, եւ դատական նիստ է նշանակվել 2020 թվականի հունվարի 22-ին, սակայն նա հունվարի 15-ին մահացել է:
Ասել է թե՝ այս եւ այլ դեպքերը իրավապահ մարմիններին ստիպել են կոնկրետ քայլերի գնալ: Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի պաշտպանները պայքարում էին՝ հայտարարելով, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, եւ կալանքը անհամատեղելի է: Սակայն պաշտպանների կողմից բոլոր միջնորդությունները մերժվում էին: Եւ իրավապահ մարմինները կոնկրետ քայլերի գնացին՝ շտապ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելով, ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով: Սակայն անգամ այս կտրուկ քայլի գնալը որեւէ կերպ չի փոխում իրավիճակը, որովհետեւ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հասել էր արդեն կրիտիկական կետի:
Եթե անգամ այս փոփոխություններն իրականություն դառնան, ապա դա որեւէ կերպ իրավապահ մարմիններին չի ազատում պատասխանատվությունից: Ինչպես հայտնի Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան, այնպես էլ մյուս բանտերում մահացած անձանց դեպքում, որոնց հիվանդությունները անհամատեղելի են եղել կալանքի հետ, իրենց մեղքի բաժինն ունեն իրավապահները:
Եւ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ 1998 թվականի հուլիսի 1-ի Քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասում լրացում կարվի: Մասնավորապես, հսկող դատախազը կարող է անձին ազատել կալանքից, եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ավելին՝ երբ կալանավորված անձը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ, հսկող դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ կալանավորված անձին ազատ արձակելու մասին:
Նշենք, որ հսկող դատախազը միջնորդագիրը պետք է քննի անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո հսկող դատախազը պետք է որոշում կայացնի միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Ի դեպ, հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Դատարանը բողոքը պետք է քննի անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Իսկ բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը պետք է որոշում կայացնի բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ սահմանվեց Արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ «ԹՌԵԼ»
Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը դիմել են ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ 2011 թվականին հիմնադրված, շինաշխատանքներ իրականացնող «3դ կադ» ՍՊԸ-ին ընդգրկելու համար գնումների գործընթացին մանակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Նշենք, որ այս ընկերությունը երկար տարիներ մասնակցել է պետական գնումների մրցույթներին: Հիմնականում իրականացրել է մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման աշխատանքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «3դ կադ»-ի հետ քաղաքապետարանը պայմանագիր կնքել է դեռեւս նախորդ տարվա փետրվարի 22-ին: Ի դեպ, ընկերությունը, ըստ պայմանագրի, պարտավորվել է իրականացնել Երեւանի փողոցների մայթերի վերանորոգման՝ սալիկապատման աշխատանքները: Պայմանագրի ժամկետի ավարտը սահմանված է եղել անցած տարվա դեկտեմբերի 20-ը: Ի դեպ, այդ աշխատանքների համար Երեւանի քաղաքապետարանը պետք է ընկերությանը վճարեր 30 մլն 790 հազար դրամ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այդ աշխատանքները կատարել է մասնակի, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետարանը միակողմանի մասնակի հրաժարվում է ընկերության հետ կնքված պայմանագրից՝ համարելով այն լուծված:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը մի քանի անգամ գրությամբ դիմել է ընկերությանը եւ տեղեկացրել, որ պայմանագիրը կնքելու օրվանից անցել է 5 ամիս, սակայն աշխատանքները կատարվել են խիստ դանդաղ տեմպերով: Նաեւ ընկերությանը ներկայացվել են մի շարք վերանորոգման կարիք ունեցող փողոցների մայթերի թվով 37 հասցեներ, որոնցում մինչ օրս աշխատանքները չեն սկսվել: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի կողմից ընկերությանը բազմաթիվ նամակներ են ուղարկվել, որտեղ ներկայացվել են վերանորոգման կարիք ունեցող փողոցների մայթերի հասցեներ եւ տրվել են հանձնարարականներ, որոնք չեն կատարվել, իսկ նախազգուշացումները անտեսվել են:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ անբարեխիղճ ընկերությունը կիսատ է թողել նաեւ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս դեպքում կատարել է աշխատանքների ընդամենը 18 տոկոսը, ապա կիսատ թողել գործը: Այս դեպքում ընկերության հետ դեռեւս նախորդ տարվա սկզբին պայմանագիր կնքել էր ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է «3դ կադ» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը բավարարել: Նշենք նաեւ, որ այդ մասնակիցը սեւ ցուցակում ներառվում է երկու տարի ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «3դ կադ» ընկերության հետ, սակայն առկա հեռախոսահամարները անջատված էին: Ի վերջո, մեզ հաջողվեց ընկերության հիմնադրի՝ Արմիկ Աղայանցի բնակարան զանգահարել, սակայն այնտեղից մեզ փոխանցեցին, որ Աղայանցի ընտանիքը անվերադարձ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ստացվում է, որ անբարեխիղճ ընկերության պատճառով անորոշ հետաձգվել է ոչ միայն մանկապարտեզի հիմնանորոգումը, այլեւ մայրաքաղաքի մայթերի բարեկարգումը: Իսկ եթե քաղաքապետարանն ու տարածքային զարգացման հիմնադրամը ուշադիր լինեին, ապա ավելի շուտ կլուծարեին պայմանագրերը, եւ մեկ այլ ընկերությանը կվստահվեր այդ գործը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
2019թ. սկզբին, երբ Վարդան Ղալումյանը պաշտոնավարում էր որպես Իջեւան համայնքի ղեկավար, որոշվել է, որ Իջեւանի պատկերասրահի շենքում պետք է գործի Իջեւան քաղաքի եւ Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին «մեկ պատուհանի» սկզբունքով տարաբնույթ սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոն, շենքի մի հարկը գործելու էր որպես պատկերասրահ: Հիշյալ կենտրոնը գործարկելու նպատակով վթարային այդ շենքը պետական բյուջեից հատկացվելիք 200 միլիոն դրամով պետք է հիմնանորոգվեր: 2019թ. հոկտեմբերի 12-ին Իջեւանում կայացել է Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում սոցիալական ինտեգրված ծառայություների կենտրոն գործարկելու վերաբերյալ հանրային քննարկում, որի մասնակիցները նշել են, որ Իջեւանի պատկերասրահի շենքային պայմանները վատթար են, ցուցանմուշ հանդիսացող բազմաթիվ նկարներ ոչ թե պատից կախված են, այլ սրահի անկյուններում դրված: Քննարկման ժամանակ հայտարարվել է, որ պատկերասրահի շենքի նորոգումից հետո դրա մի հարկը շարունակելու է գործել որպես պատկերասրահ: Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտարարել է, որ պատկերասրահը նախկինում իր աշխատասենյակի դիմաց էր, եւ ինքը մշտապես տեսել է, թե ինչքան սակավ այցելուներ են լինում պատկերասրահում, այնտեղ անցկացվող մշակութային միջոցառումների մասնակիցները քչաթիվ են:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը` Արմինե Օհանյանը, բուռն ելույթ է ունեցել այդ օրը` ասելով, որ այդ շենքը պետք է միայն որպես պատկերասրահ ծառայի, այդտեղ պետք է մշակութային տարբեր ծրագրեր իրականացվեն: Գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար է դարձել 2019թ. հուլիսի 19-ին: «Ժամադադար» հաղորդաշարի թողարկումներից մեկում Արմինե Թումանյանը հայտարարել է, որ Իջեւան քաղաքում սրճարան չկա, ուր ծխելն արգելված է, պատկերասրահի շենքի 3-րդ հարկում հարկ է նման սրճարան գործարկել: Նշենք, որ Իջեւանում առնվազն 2 սրճարան է գործում, ուր ծխելն արգելված է:
Նույն հաղորդման մեջ մարզպետի տիկինը այսպես է արտահայտվել 2019թ. սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանի մասին. «Ժամանակավոր նշանակված է, ընտրությունները կլինեն մի քանի ամսվա մեջ, չգիտեմ, ամեն դեպքում, ես ավելի շատ սպասելիքներ ունեի, կարծում էի, որ մշակույթն ավելի գնահատող կլինի, բայց, փաստորեն, ոչ, բաց տեքստով խոսանք»:
Նշենք, որ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա հարսանիքի քավորը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ հարցնելով նրա դիրքորոշումը Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող սոցիալական ինտեգրված ծառայությունների կենտրոն գործարկելու վերաբերյալ: Մարզպետի պատասխանում նշված է. «Իջեւանի պատկերասրահից Ինտեգրված սոցիալական ծառայության համար տարածք տրամադրելու հարցը դեռեւս քննարկման փուլում է»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ