ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ Է. ԼՈՒԾՈՒՄ ԿԳՏՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի իշխանությունները լուրջ խնդիրներ են ստեղծել մեքենաների վաճառքով զբաղվող մեր հայրենակիցների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել, ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական եւ ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են: Ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն եւ վճարեն բարձր տուրքեր, բայց Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են:
Եւ վերջապես՝ Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան հայերին եւ ղրղզներին:
Ի՞նչ է անում այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար: Պարզվում է՝ այս հարցերով զբաղվում է ՀՀ փոխվարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Հենց հիմա Ղազախստանում եմ, ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցեմ: Այդ հարցը տեղում կքննարկենք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Պետք է այստեղ մյուս կողմին էլ լսենք, բոլոր դետալները լավ հասկանանք, ինչից հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ դիրքորոշում հայտնել: Չէի ցանականա շտապել: Այստեղ՝ տեղում, ուզում ենք հասկանալ, թե ղազախական կողմն ինչ խնդիր ունի՝ պրոցեսի հետ կապված»:
Հուսանք՝ հարցին լուծում կտրվի, եւ ղազախական շուկայով ոգեւորված բազմաթիվ մեր հայրենակիցների կողմից ներկրված հարյուրավոր ավտոմեքենաների համար կրկին այդ շուկայում վաճառքի հնարավորություն կբացվի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, նույն իր՝ Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս առերեսում է կազմակերպել Նարեկ Սարգսյանի եւ առեւանգված անձի՝ Արամի միջեւ: Նախ՝ առաջին խոսքը տրվել է Նարեկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձին` Արամին, եւ խնդրել են պատմել, թե ինչ է կատարվել իր հետ, ու կոնկրետ ինչ է արել Նարեկ Սարգսյանը: Եւ, ահա, Արամը սկսել է պատմել, որ ցանկացել է ակումբ բացել, որ իրեն չեն թողել, ծեծել են եւ գազայրիչով վառել մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ, եւ այլ մանրամասներ: Նախաքննական մարմինը բավականին երկար ժամանակ լսել է նրան եւ հայտարարել, որ այսքանով առերեսման համար սահմանված ժամկետը լրացել է, եւ մեկ այլ օր կրկին առերեսում կնշանակվի, եւ այդ օրը կլսեն նաեւ Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Սարգսյանը, առերեսման ժամանակ լսելով իր մասին արվող հայտարարությունները, որեւէ բառ չի ասել: Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս. այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ, որոնք մասնակից են եղել առեւանգմանն ու բռնությանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեր տեղեկություններով՝ երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Տեղեկացանք, որ աշխատանքները տեւել են երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Օհանյանը շատ համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն մինչ այդ առանձնազրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ վերջինիս աշխատասենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում կայացած դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Օհանյանը հայտարարել է՝ այս հանձնաժողովի ստեղծումն ինքը հենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են տարիներ առաջ, ու պարզվել են բոլոր հանգամանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետեւանքները՝ համապատասխան հետեւություններ անելով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ու նշել, որ պետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլյան քառօրա պատերազմի օրերին: Ըստ մեր տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը, ինչի մասին ինքը տեղյակ է եղել, եւ կարելի է ասել՝ հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածն իրարից ոչ մի բանով չեն տարբերվել:

 

 

 

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, եւ դեկտեմբերի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից: Այդ նիստից եւ քննարկումներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ գրել էինք, որ այդ օրվա քննարկումը բավականին բուռն է անցել, սակայն ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ էլ Հարթենյանը չի ընդունել, որ սխալ արարք է արել: Եվ մեր տեղեկություններով՝ իշխող թիմի անդամներն այդ թեմայով անգամ զրույց են ունեցել ավագանու նախկին անդամի հոր հետ եւ, ըստ էության, հայրիկի միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ մինչեւ շաբաթվա վերջ Հարթենյանը կհրավիրվի նաեւ ՔՊ վերահսկող հանձնաժողով, սակայն, մեր տեղեկություններով, այնուամենայնիվ նրան կուսակցությունից հեռացնելու հարց դրված չէ:




Լրահոս