«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ընթացիկ տարում ծրագրել է ստուգումներ իրականացնել խոշոր հանքարդյունաբերող ընկերություններում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դեռ չի էլ սկսել ՀՀ խոշոր հանքերում ստուգումները, հայտնի էլ չէ, թե երբ են դրանք սկսվելու: Տեսչական մարմնի՝ ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս ստուգումները սկսել: Ապա տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ ստուգումներ պետք է իրականացվեն նաեւ մետաղական հանքավայրերում: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ այս կառույցում աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում եւ չեն կարող գլուխ հանել երկրաբանական խնդիրներից:
Չի բացառվում, որ տեսչական մարմնի աշխատողներն իրենց աշխատասենյակներում նստած են հաստատում մետաղական հանքավայրի պաշարները, մի քանի օրվա ընթացքում ստուգում են այդ բարդ աշխատանքային գործընթացը եւ վերջում, Հայաստանում ավանդույթ դարձած ծանոթ-բարեկամի սկզբունքով, տրամադրում են հանքի շահագործման թույլտվություններ: Իսկ Հրաչյա Այվազյանը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել, որոշ տեղեկություններով՝ նաեւ երկրաբանական ֆակուլտետը, սակայն նրա կենսագրական տվյալները տեսչական մարմնի կայքէջում բացակայում են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։