Ինչու չեն սկսվում ստուգումները խոշոր հանքարդյունաբերող ընկերություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ընթացիկ տարում ծրագրել է ստուգումներ իրականացնել խոշոր հանքարդյունաբերող ընկերություններում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ մարմինը դեռ չի էլ սկսել Հայաստանի խոշոր հանքերում ստուգումներ իրականացնել: Ավելին, հայտնի էլ չէ, թե երբ են դրանք սկսվելու: Ընդ որում, նման խոստում տվել էր նաեւ նախկին պետը, բայց էլի չիրականացավ:

Նշենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է վերահսկման ենթակա 9 ոլորտի 90 տնտեսավարող սուբյեկտ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմնի կողմից 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը, ըստ եռամսյակների, հետեւյալն է՝ 1-ին եռամսյակ- 15 ստուգում, 2-րդ եռամսյակ- 29 ստուգում, 3-րդ եռամսյակ- 30 ստուգում, 4-րդ եռամսյակ- 16 ստուգում:

Պարզվում է, որ ստուգումների տարեկան ծրագրում թվով 90 տնտեսավարող սուբյեկտներից 63-ն ունեն բարձր ռիսկայնություն, որոնք համաչափ բաժանված են՝ ըստ ՀՀ մարզերի եւ ըստ տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած առավել ռիսկային չափանիշների հավանական բացասական ազդեցության։ Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում տեղադրված ցանկի առաջին տեղում է Լոռու մարզում գտնվող Թեղուտ ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի հանքավայրը: «Թեղուտ»-ին հաջորդում է «Լեռ Էքս»-ը, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տեսչական մարմնի ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանի հետ եւ հետաքրքրվել, թե որ հանքարդյունաբերող ընկերությունում է իրականացվելու ստուգում:

-Պարո՛ն Այվազյան, ի՞նչ հանձնարարական եք ստացել, որտեղի՞ց եք սկսելու ստուգումները: Ավելի կոնկրետ՝ ո՞ր հանքարդյունաբերող ընկերությունից եք սկսելու ստուգումը:

-Դե, տարեկան ծրագրով ենք ստուգումներ անում, կայքում դրված է մեր ստուգումների պլանը:

-Արդեն սկսե՞լ եք ստուգումներ անել:

-Դեռ չէ. եղանակային պայմանները թույլ չեն տալիս՝ ստուգումներ անենք:

-Այնուամենայնիվ, առաջին ստուգումը որտեղի՞ց եք սկսելու, մեծ հանքերից առաջինը ո՞րն եք ստուգելու:

-Եղանակը որտեղթույլ տա, այնտեղից էլ կսկսենք:

-Նախնական տվյալներով պլանավորած ցանկ չունե՞ք, թե որից եք սկսելու:

-Մեր կայքը, որ մտնեք, գրված է՝ ըստ եռամսյակների:

-Դուք չե՞ք հիշում:

-Պարզապես հիմա հարմար չէ:

-Պաշտոնական կայքէջում անհրաժեշտ տեղեկություն չկա, թե, օրինակ, որ հանքարդյունաբերող ընկերությունում ինչն եք ստուգելու, երբ, քանի օր են դրանք տեւելու եւ այլ հարցեր:

-Շատ չեն, ընդամենը մի հատ կա, որը ստուգելու ենք առաջին եռամսյակում. որ նայեք ընդերքօգտագործողների մասում, կտեսնեք: Ու նաեւ վարչապետի հանձնարարությամբ մետաղական հանքերն են, որը արդեն դրա հետ կապ չունի: Եղանակային պայմանները որ թույլ տվեցին, հերթականությամբ կանենք: Ձեր ասած մեծ հանքերը դրա մեջ են մտնում:

-Պարո՛ն Այվազյան, բացի այս, Ձեր ղեկավարած բաժինը դեռեւս 2018 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունում ստուգում է իրականացրել: Խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե ինչ հանձնարարական էր տրվել, եւ արդյոք ընկերությունը կատարել է տրված հանձնարարականը:

-Դե լավ էլի, ցավդ տանեմ, խանգարում եք արդեն, էլի: Գրավոր դիմե՛ք: Մեր մարմնին գրե՛ք, կպատասխանենք:

-Ի՞նչ խնդիր կա, պարո՛ն Այվազյան, գուցե չե՞ք տիրապետում ոլորտին, տեղյակ չե՞ք, դրա համար խուսափում եք պատասխանել:

-Չէ, տիրապետում եմ ոլորտին. որ հարցին որպետք լինի, կպատասխանեմ, գրավոր դիմե՛ք, կպատասխանեմ: Ցտեսություն:

Նշենք, որ Այվազյանի ղեկավարած բաժնի ուղղակի գործառույթն է իրավիճակին տիրապետելը, հանքերի ինքնագործունեությունը կանխելը, ընդերքօգտագործման կանոնների պահպանմանը հետեւելը եւ, ամենակարեւորը, շրջակա միջավայրի պահպանության սուրբ գործը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր բազմաթիվ հրապարակումներում առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ ընդերքի վերահսկողության վարչությունում աշխատում են անձինք, որոնք չունեն մասնագիտական համապատասխան որակավորում, երբեւէ չեն աշխատել հանքարդյունաբերության ոլորտում: Դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում ոլորտի գրագետ կառավարման հարցում: Համաձայնե՛ք, որ շատ կարեւոր է՝ պետության կողմից ներկայացվող մասնագետը կամ ղեկավարը ոլորտից առնվազն տեղյակ լինի, որպեսզի գնահատի եւ պահպանի պետական շահը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ տեսչական մարմնի ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել: Ըստ որոշ տեղեկությունների՝ ավարտել է նաեւ համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: Բայց նշենք, որ Այվազյանի կենսագրական տվյալները տեսչական մարմնի կայքէջում բացակայում են: Չի բացառվում, որ տեսչական մարմնի աշխատողներն իրենց աշխատասենյակներում նստած են հաստատում մետաղական հանքավայրի պաշարները, մի քանի օրվա ընթացքում ստուգում են այդ բարդ աշխատանքային գործընթացը եւ վերջում, Հայաստանում ավանդույթ դարձած ծանոթ-բարեկամի սկզբունքով, տրամադրում են հանքի շահագործման թույլտվություններ:

Այսինքն՝ հանքային պաշարներն առանց ուսումնասիրելու, հողի շերտերի մասին առանց պատկերացում կազմելու տնտեսագետի կամ իրավաբանի որակավորում ունեցող մասնագետները հանքերին լիցենզիա են տալիս կամ վերահաստատում են լիցենզիայի ժամկետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս