Այդ անսպասելի ու գլխապտույտ «Օսկարը». արձագանքներ՝ հայկական տիրույթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց աշխարհի մեծագույն կինոտոներից մեկը. 92-րդ «Օսկարի» մրցանակակիրներն արդեն հայտնի են: «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը»։ Ֆիլմն արժանացավ «Օսկարի» նաեւ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում՝ դառնալով պատմության մեջ օտարալեզու առաջին ֆիլմը, որը հաղթեց գլխավոր անվանակարգում։ «Լավագույն դերասանը» Հոակին Ֆենիքսն է՝ «Ջոկեր» ֆիլմում մարմնավորած դերի համար: «Լավագույն դերասանուհին» Ռենե Զելվեգերն է՝ «Ջուդի» ֆիլմում տաքսու վարորդի դերի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանը» Բրեդ Փիթն է՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ՝ Հոլիվուդում» ֆիլմում դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար: Արվեստի եւ մշակույթի գործիչները, կինոքննադատներն ու լրագրողները բուռն կերպով քննարկում են «Օսկարի» արդյունքները: Շատերի համար արդյունքները կանխատեսելի էին, սակայն ոմանք, այնուամենայնիվ, այլ ակնկալիքներ ունեին «Օսկար»-ից: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ամենաուշագրավ տեսակետները:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյան

Առաջին անգամ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում նույն ֆիլմն է հաղթում: Ֆիլմը իսկապես շատ լավն է: Առհասարակ, հարավկորեական կինոն 21-րդ դարում լավագույնն է: Այն, թվում է, ռեալիստական, բայց որքա՜ն ալեգորիկ իմաստներ է պարունակում՝սոցիալական, քաղաքական, բարոյական, մարդկային ու համամարդկային թեմաներ՝ խիստ այժմեական, սուր: Հետաքրքիր ժանրի մեջ արված՝ կիսաողբերգակատակերգական, ֆանտաստիկ ու ռեալիստական ֆիլմ՝ մաքրամաքուր մոնտաժված: Այն լարված պահում է դիտողին մինչեւ վերջ: Ուրախ եմ, որ ամերիկյան կինոակադեմիան այս տարի խիստ է գտնվել, անաչառ, բրավո՝ բացառությամբ կանացի լավագույն դերակատարման ընտրության հարցում՝ ի դեմ Ռենե Զելվեգերի, բայց ավելի լավը այս տարի չկար. լավ կլիներ՝ ոչ ոք էլ չստանար այդ մրցանակը: Ինչ վերաբերում է Հոակին Ֆենիքսին, վերջապես… Կուզեմ շարունակի աշխատել այնպես, ինչպես մինչեւ այս պահն է աշխատել.նրա բոլոր դերերն են արժանի այս եւ ավելի մրցանակների: Այսօրվա թիվ 1 դերասանը: Ուրախ եմ:

Կինոքննադատ Նունե Հախվերդյան

Անասելի ուրախ եմ, որ «Օսկարի» լավագույն ֆիլմը «Մակաբույծներ» է։ Չափ է դրվում, ու դա է հեղափոխականը:

Լրագրող Լիզա Ճաղարյան

Առայժմ ընդամենը չորս ֆիլմ եմ նայել «Օսկարի» հավակնորդներից՝ «Մի անգամ Հոլիվուդում», «Մակաբույծներ», «Ճագար Ջոջո» ու «Ջոքեր»։ Այս չորսից ամենաչհավանածս «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած «Մակաբույծ»-ն է։ «Ջոքեր»-ն էլ էր վատ ֆիլմ, բայց, դե, որտեղ Խոակին Ֆենիքս կա, միեւնույնն է, հմայված նայում ես։ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից հետո հասկացա, որ «արյուն սիրող»

Տարանտինոն «բարակ» սիրտ ունի, սիրեցի իրեն։ «Ճագար Ջոջոն», պարզ է, որ հնարավոր չէր առանց հուզմունքի նայել. երեխաներ էին ու պատերազմ։ Ոչ մեկն էլ Օսկարի արժանի չի, բայց «Մակաբու՞յծը»: Էսքանն էլ է հերիք ավելի ու ավելի համոզվելու համար, որ էս «Օսկար» անունով «սիմպո տղան» ձեռից գնացել է։

Հավելենք, որ ընդամենը 7 ամիս առաջ կայացած 16-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծն»-էր(Հարավային Կորեա), որի դիտմանը ներկա էր շուրջ 2000 հյուր աշխարհից եւ Հայաստանից։ Այն ստացավ նաեւ գլխավոր «Օսկար»-ը` ճանաչվելով լավագույն ֆիլմ ու դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ ոչ անգլալեզու առաջին ֆիլմը, որն արժանանում է այս մրցանակին։

Աննա Բաբաջանյան




Լրահոս