ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանով է պակասել բնակչության թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է,նաեւ պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 959 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 965 հազար 300 էր:

Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 6100-ով է պակասել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է:

Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2300-ով: Համաձայնե՛ք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է, չնայած զարմանալի չէ, քանի որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլարանը բավական ժամանակ է, ինչչի շահագործվում:Մեծ թվով մարդիկ ընտանիքը կերակրելու պատրվակով մարզից հեռացան: Միայն Արագածոտնի մարզում 700-ով նվազել է բնակչության թիվը: Մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում բնակչության քանակը նվազել է 2100-ով:

Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2017 թվականին ծնվածների թիվը կազմել է 37700, ապա 2018-ին՝ 36574, 2019-ին՝ 36131: Այսինքն՝ ծնվածները 443-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշն այն է, մահացածների թիվն է ավելացել, մեկ տարվա ընթացքում՝ 501-ով:

Պաշտոնական թվերով՝ անցած տարի Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների քանակը կազմել է 7986, որից 5345-ը՝ ժամանակավոր, 2079-ը՝ մշտական: Հայաստանում միայն անցած տարվա ընթացքում կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի 1835 քաղաքացի, Ռուսաստանից՝ 1327, Իրանից՝ 1254, Չինաստանից՝ 184, եւ այլն:

Ստացվում է, որ ՀՀ բնակչության թվաքանակն աստիճանաբար ավելանում է օտարերկրացիների հաշվին: Այս խնդրի շրջանակներում «Ժողովուրդ»օրաթերթը դիմեց Միգրացիոն պետական ծառայություն եւ հետաքրքրվեց, թե ինչ է անում կառավարությունը մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու, այլ ոչ օտարերկրացիների հաշվին ՀՀ բնակչության թիվը ավելացնելու համար:
Հարցին ի պատասխան՝ ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանն արձագանքեց՝ նշելով, որ հայրենադարձության հետ կապված հայեցակարգ է գրվում, ծրագրեր են մշակվում: «Այլ կատեգորիաներ կան, որ կարող են Հայաստան վերադառնալ. խոսքը մեր անօրինական միգրանատների մասին է, որ եվրոպական տարբեր եւ ոչ միայն եվրոպական երկրներում ապրում են անօրինական, որոնց եւսպետք է վերադարձնել Հայաստան: Մենք կամավոր վերադարձի շատ ծրագրեր ենք իրականացնում մեր հասարակական միջազգային շատ գործընկերներիհետ: Ավելին, առաջին ինստիտուցիոնալ քայլն ենք անում: Արդեն իսկ պետական ծրագիր ենք գրում վերաինտեգրման, չնայած իրենքունեն վատ միգրացիոն փորձառություն, բայց մենք, հաշվի առնելով իրենցխոցելիությունը, բնակվարձ ենք փոխհատուցելու, ուղղիչ խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու եւ այլն»:

Իսկ ինչ վերաբերում է օտարերկրացիների հաշվին ՀՀ բնակչության թվի ավելացմանը՝ Նելլի Դավթյանը հայտարարեց, որ այն ֆանտաստիկայի ժանրից է: «Ըստ էության այդ հարցով մտահոգվում են քաղաքացիները եւ ակնարկում են Հնդկաստանի քաղաքացիների շարժը դեպի մեր երկիր եւ մեր երկրից դուրս: Տեսեք, մենք նոր ենք ամփոփել անցյալ տարվա սահմանահատումների ցուցանիշները,ու Հնդկաստանի քաղաքացիների մասով սալդոն բացասական է. -446-ով ավելի շատ հնդիկ գնացել է Հայաստանից, քան եկել է»,- պարզաբանեց Դավթյանը:

Սակայն զրույցի ընթացքում Նելլի Դավթյանը նկատեց, որ օտարերկրացիների թվում,ըստ քաղաքացիության երկրների, դրական սալդոյով ցուցանիշների շարքում ամենաբարձրը Ռուսաստանի քաղաքացիների մուտքնու ելքն է: «12 155-ով ավելի շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եկել Հայաստան, քան գնացել են: Դա միայն ուրախալի ցուցանիշ է. կարծում եմ՝ Դուք էլ եք գլխի ընկնում, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, բայց նրանց գերակշիռ մասը ազգությամբ հայեր են: Ինձ թվում է՝ այս ամենը վկայում է այն մասին,որոչ թե օտարերկրացիների հաշվին բնակչության թիվն է ավելանում, այլ այս ամենը վկայում է այն մասին, որմեր երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում: Իսկ զբոսաշրջությունն էլ գնալով զարգանում է, ոչ ավելին»,- փոխանցեց Նելլի Դավթյանը:

Նկատենք, որ Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար վերջին շրջանում դարձել է աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում են տարբեր ոլորտներում, այդ թվում եւ՝ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս