Երգերս կուղեկցվեն ռեփով, կքայլեմ ժամանակի պահանջներին համապատասխան. Համլետ Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ ժողովրդական, ազգային երգերի կատարող Համլետ Գեւորգյանն էկրաններին չի երեւում: Նա նոր երգերով, տեսահոլովակներով հանդես չի գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը Համլետից հետաքրքրվեց՝ ուր է կորել նա եւ ինչով է զբաղված: Երգիչը պատասխանեց, որ նոր երգեր, տեսահոլովակներ չթողարկելու պատճառն այն է, որ իր ներկայացրած ժանրը ֆինանսական տեսանկյունից չի արդարացնում սպասումները. «Երբ փորձում ես ստեղծել լուրջ արժեքներ, իհարկե, լավ է, բայց արդյունքում ֆինանսապես տկարանում ես:

Այդ է պատճառը, որ որոշել եմ փոխել երգերիս բնույթը, հանդես գալ պարային, ուրախ գործերով՝ առանց ազգային երգի շեշտադրումների: Երգերս կուղեկցվեն ռեփով: Կփորձեմ ժամանակակից պահանջներին համապատասխան գործեր ներկայացնել: Հիմա արդեն մի քանի երգ Միացյալ Նահանգներում ստեղծման փուլում են: Այնպես որ, երկրպագուներն առաջիկայում ուրախանալու առիթներ կունենան:Ասպարեզում չեմ երեւում, բայց շոու-բիզնեսից դուրս չեմ եկել»,-մեկնաբանեց Համլետը:

Նա նշեց, որ համերգային հրավերներ ունի արտերկրից: Վերջին անգամ համերգով հանդես է եկել Փարիզում Ալլա Լեւոնյանի հետ:
Հարցին, թե մտահոգիչ չէ արդյոք այն հանգամանքը, որ Հայաստանում, համեմատած նախորդ տարիների հետ, համերգներ քիչ են կազմակերպվում, Համլետը պատասխանեց. «Դրա ամենամեծ պատճառը տոմսերի գինն է, որը չի փակում ծախսերը, իսկ եկամուտի մասին խոսելն ավելորդ է: Համերգի կազմակերպիչները ծախսերը հազիվ են փակում: Ժողովուրդը որքան էլ երգչին սիրի, դեռ բավականափաչ վճարունակ չէ: Ինձ թվում է՝ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի խնդիրը լուծվի»:

Հիշեցնենք, որ Համլետ Գեւորգյանը թողարկել է «Մենք ենք» (2004թ.), «Մեր երգը» (2006թ.), «The Best of Golden Album» (2007թ.), «With The Traces Of Armenian Song» (2008թ.) ձայնասկավառակները, չորս տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Աննա Բաբաջանյան




Լրահոս