«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը համակարգում է այդ օրենքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում: Մինչեւ այժմ աշխատանքային խումբը բազմաթիվ քննարկումներ է ունեցել եւ նախանշել այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել:
Բացի այդ, իմքայլական պատգամավորը նաեւ մեզ հետ նշեց, թե առաջիկայում հրապարակային քննարկում է լինելու: «Ի դեպ, փետրվարի 17-ին, 18-ին արդեն ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել՝ շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով եւ այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկում, ինչ ձեւաչափով եւ այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու»- հայտարարեց իմքայլական պատգամավորը»: