Երեկ հանրային քննարկման է դրվել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ, 2021 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Այն իրականացվելու է ՀՀ արդարադատության նախարարության հետ միասին:
Եվ այս փոփոխությունը ենթադրում է ինչպես օրենսդրության, այնպես էլ որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ:
Բացի այդ,ստեղծվելու է պարեկային ծառայություն, որը զբաղվելու է հասարակական կարգի պահպանությամբ եւ հասարակական անվտանգության ապահովմամբ, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմամբ, հետախուզվող հանցագործների, անհետ կորած անձանց եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմամբ:
Բացի այդ, ծրագրով նախատեսվում է նոր պարեկային ոստիկանության ստեղծում, որի արդյունքում կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։
Եվ այդ ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչեւ 2020թ.-ի վերջը: Տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծում:
Այն հանդիսանալու է իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ հաղորդումներ ընդունող օպերատոր, որը, այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա, ապահովելու է նաեւ պարեկային ոստիկանության ուժերի եւ միջոցների կառավարումը: