Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ու դրան նախորդող, հաջորդող գործընթացները խառնել են իշխանական կառույցների բոլոր ծրագրերը։ Վերջին օրերին չեղյալ են հայտարարվել անգամ մի շարք պաշտոնական հանդիպումներ ու քննարկումներ։
Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով պետք է ներդրվեր դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ: Սակայն երեկ, արդարադատության նախարարի առաջարկությամբ, նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է երկու ամսով:
Ազգային ժողովում տեղեկություններ կան, որ, փաթեթի կարգավորումների հետ կապված, համակարգում դժգոհություններ կան, եւ նոր քննարկումներ կլինեն մինչեւ նախագիծը կրկին խորհրդարանին ներկայացնելը: Բանն այն է, որ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու էր ԲԴԽ-ն, իսկ, ահա, ունեցվածքի հարցը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Սակայն նախագծի փաթեթի քննարկումը հետաձգելը դատական համակարգում այլ կերպ են բացատրում: Բանն այն է, որ նախագծի քննարկման համար Ազգային ժողով են գնացել Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամները, որոնք ավելի ուշհետ են վերադարձել: Եվ, ահա, դատական համակարգում նրանց վերադարձը պայմանավորում են միանգամայն այլ խնդրով:
Մասնավորապես,դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նախագծի քննարկումը հետաձգվել է, քանի որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի գրեթե բոլորբանիմաց իրավաբան մասնագետները զբաղված են հանրաքվեի իրավական հարցերով, ուստի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով պետք է ներդրվեր դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, եւս երկու ամիս կսպասի: Ի դեպ, դատելով իրավիճակից՝ դեռ հանրաքվեի շուրջ ծավալվող իրադարձությունների արդյունքում շատ հանդիպումներ ու քննարկումներ կհետաձգվեն:
Այսօր նաեւ պետք է տեղի ունենար ՀՀ արդարադատության նախարարի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի մասնակցությամբ ասուլիսը , որը չեղարկվել է: Այս ասուլիսի չեղարկումը եւս կապում են հանրաքվեի գործընթացի շուրջ ծավալվող կազմակերպչական աշխատանքների հետ:
Քնար Մանուկյան