Հայաստանում ոչխարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով 79 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել, որով 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել.այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայաստանում ոչխարաբուծությամբ զբաղվում են հիմնականում Սյունիքի մարզում, որտեղ գլխաքանակը կազմում է 16.9 տոկոս, Գեղարքունիքի մարզում՝ 15.1 տոկոս, Արմավիրի մարզում՝ 15.1 տոկոս, Արարատի մարզում՝ 13.1 տոկոս, եւ Արագածոտնի մարզում՝12.7 տոկոս:
Այն, որ Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է, դա վաղուց հայտնի փաստ է: Այդ մասին չիլռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 18 հազար 739-ով պակասել է:
2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600,2019-ին՝ 571 հազար 861: Միայն կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 12 հազար 200-ով. 2018 թվականին այն կազմել է 266 հազար 800, իսկ 2019-ին՝ 253 հազար 990: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 21 հազար 843-ով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ 2019-ին՝ 38 հազար 257:
Միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր,մինչդեռ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 745 հազար 800 գլուխ: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 16 հազար 300 գլուխ ոչխար եւ 82 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, ՔուվեյթիՊետությունը եւ Վրաստանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ոչխարի եւ ոչխարամսի արտահանման ծավալները 2018 թվականին, 2017-ի համեմատ, նվազել են:
Խնդիրն այն է, որ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում:
Նշենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ տարիներ առաջ արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել,բայց,ինչպեստեսնում եք, խնդիրը չկարգավորվեց:
Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս խնդրի լուծման իր տարբերակն առաջարկեց՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: Եւ ՀՀ կառավարության՝ անցած տարվա սեպտեմբերի 19-ի որոշմամբ՝ հաստատվեց «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ ծրագրով ՀՀ շատ քաղաքացիներ են հետաքրքրվում: Ավելին, այս ծրագրով, պարզվում է, 203 գլուխ տոհմային կենդանի է փաստացի ներկրվել ՀՀ:
Բայց պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ ոգեւորված ու հետաքրքրված են տավարաբուծության 2014-2024 թվականների զարգացման ծրագրով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տավարաբուծության ծրագրով մոտ 700-800 հետաքրքրվող քաղաքացի են ունեցել: Ավելին, 406 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել 315 գլխի համար: Պարզվում է, որ 136 գլուխխոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ) արդեն իսկներկրվել է,բայց քանի որ հիմա համապատասխան սեզոնը չէ, եւ ներկրման հետ կապված դժվարություներ կան, այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է: ԸստԷկոնոմիկայի նախարարության՝ իրենք մերժումների մոնիթորինգ չեն վարում, որովհետեւ բանկն է մերժում, եթե ֆերմերը վարկունակ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական աջակցությունը իրականացվում է 2 եղանակով.տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է, որի դեպքում վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է առավելագույնը 10 տոկոսային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով,իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով։
Փոխհատուցվելու է շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխըմինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 տոկոսը: Իսկ, ահա, սահմանամերձ բնակավայրերի եւ կոոպերատիվների կողմիցմինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար կփոխհատուցվի 27 տոկոսը։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչեւ 4 տարի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 97 մլն 125 հազար դրամ:
Թեեւ շատերը ողջունում են ոչխարաբուծության զարգացման ծրագիրը, բայց եզդիական համայնքն այնքան էլ ոգեւորված չէ: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ եզդիների մի մասը հրաժարվել է մասնակցել ծրագրին. «Անգամ ես առաջարկել եմ նրանց, բայց հրաժարվեցին՝ ասելով, որ ձեռնտու չէ»:
Սյունէ Համբարձումյան