«Առաջին օրը 1800 երեխա գրիպանման երևույթներով դպրոցից տուն է ուղարկվել». Երևանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաները լեփ-լեցուն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաները լեփ-լեցուն են. պատճառը սուր շնչառական վարակներն են ու գրիպը: Ինչն էլ հանգեցրել է երեւանյան մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների հաճախելիության նվազմանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն»-ի շնչառական վարակների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:

«Այս շրջանում ունենք ակտիվ հարուցիչներ H1N1, B1, և այլ սուր շնչառական վիրուսներ, հարուցիչները չունեն էլ խաչաձև իմունիտետ, դրա համար երեխան կարող է հաճախակի հիվանդանալ: Միայն առաջին օրը 1800 երեխա գրիպանման երևույթներով  դպրոց-մանկապարտեզներից տուն է ուղարկվել: Այսինքն այս ուժեղացված միջոցառումը նպատակ ունի, որպեսզի երեխան հիվանդ չմտնի դպրոց կամ մանկապարտեզ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է աշակերտների բացակայություններին, մեր զրուցակիցը նշեց, եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ապա մինչև մայիս ամիսը պետք է փակվեն դպրոցներն ու մանկապարտեզները:

«Մինչև մայիս ամիսը գտնվելու ենք սեզոնի մեջ, որտեղ շրջանառվող հարուցիչները կան , ի՞նչ ժամանակահատված է պետք, որպեսզի մենք դադարեցնենք: Նոյեմբեր ամսից սկսվել է սեզոնը, և յուրաքանչյուր ծնող պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի, որպեսզի հիվանդ երեխային թույլ չտա հաճախել որևէ դպրոց-մանկապարտեզ: Ծնողները շատ հաճախ մեզ դիմում են, որ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, ես հակադարձում եմ, թե ինչու ժամանակին երեխաներին չեն պատվաստել գրիպի դեմ: Այսօր 90%  դեպքերը կապված են 0-5 տարեկան երեխաների հետ »,-ընդգծեց նա:

«Ի՞նչ է՝ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն տարի փակի դպրոցները, եթե կան դրա համար հստակ ձևավորված մեխանիզմներ, պատվաստանյութեր: Եթե առաջին երեք օրը կատարեն կանխարգելիչ բուժում, ապա այսպիսի իրավիճակ չի ստեղծվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս