«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում եւ արձանագրում են, թե Զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից: Եվ, ահա, երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, եւ, ըստ նախնական վարկածի, ՊԲ տարբեր զորամասերի երկու ժամկետային զինծառայողներ ինքնասպան են եղել:
Ի դեպ, զինվորները եղել են խրամատներում, եւ երեկ՝ ամբողջ օրը, դեպքի վայրում աշխատում էին իրավապահները՝ հասկանալու համար, թե տղաներն իրենք են արդյոք խփել իրենց, թե նրանց սպանել են:
Մեր տեղեկություններով՝ իրավապահները երկու դեպքով էլ քննում են ինքնասպանության վարկածը: Եվ դատելով իրավիճակից՝ այժմ բավարարվում են միայն հրամանատարներին պատժելով, կալանավորելով, իսկ խորքային խնդիրները, թե ինչ հոգեբանական վիճակում են զինվորները կամ ինչ ներքին տարաձայնություններ ունեն, թողնում են բախտի քմահաճույքին, ինչն էլ ճակատագրական ավարտ է ունենում:
Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ զինդատախազների հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, փակ քննարկման ժամանակ դատախազը կոնկրետ հրահանգ է տվել վերաբացել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու դեմ բողոքի մասով հարուցված եւ հետագայում կարճված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ նախորդ տարի թեժ գիծ ահազանգ էր եկել, սակայն համապատասխան արձագանք այն չէր ստացել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։