Արգիշտի Քյարամյանը ջայլամի նման գլուխն ավազի տակ է մտցնում և ցույց տալիս՝ ինքը «լավ» պաշտոնյա է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները:

Պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի: Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել է պատասխանել ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը՝ ոչ թե ըստ էության պատասխան տալով, այլ դաստիարակչական քարոզ կարդալով եւ որակելով մեր հարցերը: Կարծես թե, Արգիշտի Քյարամյանը դեռեւս չի հասկացել, թե ինքը ով է, ինչի համար է ժամանակավոր նշանակվել այդ պաշտոնին, ու եթե կան հարցեր, որոնք իր ղեկավարած կառույցին են առնչվում, ինքը պարտավոր է պարզաբանում ներկայացնել, ոչ թե ջայլամի նման գլուխն ավազի տակ մտցնելով՝ փորձել ցույց տալ, թե ինքը «լավ» պաշտոնյա է, ու իր կառավարման հետ խնդիրներ չկան:

Իսկ ի՞նչ հարցեր էինք ուղղել աղմուկով պաշտոն ստացած վերահսկողին.

1. Պարո՛ն Քյարամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք Ձեր լուման եք ունեցել Դավիթ Սանասարյանի դեմ մեղադրանք առաջադրելու գործում. որքանո՞վ են ճշմարիտ այս տեղեկությունները:
2. «Տեղապահության» վիճակի հետ հարմարվել ե՞ք: Ձեզ համար այդ վիճակը անհանգստացնող չէ՞, որ հարցը չի հանգուցալուծվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրավիճակին:
3. Արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ պարբերաբար անհանգստացնում եք իրավապահներին, որ Ձեր կառույցի տեղեկանքների հիման վրա գործեր հարուցեն, արդյոք այդկե՞րպ եք փորձում կայանալ:
4. Ինչո՞ւ եք ազատել Դավիթ Սանասարյանի հետ կապ ունեցող բոլոր կադրերին, խնդրում եմ, ներկայացրե՛ք մանրամասներ:

Եւ, ահա, Քյարամյանի օգնականը, ի պատասխան, նշել է, թե հարցումների հիմքում դրված ելակետային տվյալները եւ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Ավելին, հարցման առաջին կետի վերաբերյալ պետք է ընդգծել, որ պարոն Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՊՎԾ-ում աշխատանքի է անցել ավելի ուշ, քան քննարկվող քրեական գործի հարուցումը, բացի այդ, հարցման որոշ հատվածներ պարունակում են վիրավորական ենթատեքստ: Միաժամանակ պարզաբանում ենք, որ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակային ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն՝ նախատեսված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով»:

Այսպիսով, Քյարամյանը որոշել է թաքնվել մի աղջկա փխրուն ուսերի թիկունքում եւ «հաթաթա» է տալիս լրատվամիջոցին Քաղաքացիական օրենսգրքի հոդվածի մեջբերումով: Չի ստացվի: Լրատվամիջոցի հարցերին պատասխանելը պետական պաշտոնյայի ուղիղ պարտականությունն է. ընթերցե՛ք «Տեղեկատվության ազատության մասին» եւ «ԶԼՄ մասին» օրենքները:

Հատուկ Քյարամյանի համար ընդգծենք, որ նրա գործառույթների մեջ չի մտնում այս կամ այն քննչական մարմնին զանգահարելն ու հետաքրքրվելը այս կամ այն քրեական գործից: Դա ուղղակի միջամտություն է պետական այլ օղակի աշխատանքին, ինչը դատապարտելի է Քրեական օրենսգրքով: Այնպես որ, սպասում ենք մեր հարցերի առարկայական, լրիվ, հիմնավոր պատասխաններին, հետո կմտածենք՝ ինչպես վարվել դրանց ու, առհասարակ, ՊՎԾ երիտղեկավարի հետ ընդհանրապես:

Նյութը՝ Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս