Անձեռնմխելի Հայկ Մարությանը. «Իմ քայլը» կրկին փրկեց նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը, կարծես թե, որդեգրել է մի քաղաքականություն, երբ ամեն կերպ փորձ են անում ծածկադմփոց անել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված ցանկացած հարց: Բավական չէ, որ այս տարվա հունվարին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Երեւան համայնքին նվիրատվությունների հարցով եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը, երեկ էլ «ծանր տարան» մեկ այլ նախագիծ, որը կրկին վերաբերում էր քաղաքապետարանի աշխատանքին:

Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ ներկայացրել էր օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում էր համայնքների օգտին կատարվող նվիրատվությունները, եթե դրանք գերազանցում են 1 միլիոն դրամը, հաստատել ավագանու որոշումով։ ԱԺ ամբիոնից այդ նախագիծը ներկայացնում էր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը եւ ընդգծեց, որ 1 միլիոն դրամից ավելի նվիրատվություն անողների նվիրատվությունները պետք է բացահայտ լինեն, քանի որ քննարկվելու են ավագանու նիստում։ Եվ ուշագրավն այն է, որ չնայած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, եւ, ըստ էության, իշխող թիմը դեմ չէր այդ փոփոխությանը, սակայն երեկ արդեն իշխանական պատգամավորները կրկին 180 աստիճան փոխվել էին:

Մասնավորապես, իմքայլականները փորձում էին ամեն կերպ հիմնավորել, որ պետք չէ օրենքում նման փոփոխություններ անել: Եվ իրավիճակը լարվեց այնքան, որ Անի Սամսոնյանը Աժ միջանցքում իմքայլականներից բարձր տոնով պահանջեց հարգանք դրսեւորել իր անձի նկատմամբ: «Ինձնից հարգանք պահանջե՛ք, երբ ինքներդ հարգանք կցուցաբերեք իմ հանդեպ: Կհարգեք` կհարգվեք»,- բարձր տոնով դիմեց նա Վլադիմիր Վարդանյանին:

Սակայն պարզվում է՝ իմքայլականների նման պահվածքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Եվ սա, ըստ էության, պատահական չէ, եւ առաջին դեպքը չէ, որ Մարությանը ԱԺ նախագահի միջոցով փորձում է իր հետ կապված նախագծերը մերժել կամ հանել օրակարգից.այդպես եղավ նաեւ հայտնի «Կամազ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման հետ: Այդ ժամանակ եւս պատմությունը կրկնվեց: Դեռ 2019 թվականի դեկտեմբերին, երբ ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել էր այդպիսի հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անմիջապես արձագանքել էր «Այո, մենք ունենք քաղաքական կամք, համաձայն ենք հանձնաժողով ստեղծել` բոլոր մտահոգությունները փարատելու համար»:Բուն քննարկման ժամանակ,սակայն, իմքայլականները կրկին 180 աստիճան փոխեցին իրենց միտքը։

Բանն այն է, որ այդ հայտարարությունից հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավին կրկին բացատրել ու հասկացրել էր, որ նման հանձնաժողովի ստեղծումն իր համար կարող է խնդիրներ առաջացնել, եւ այդ ժամանակ եւս մեկ րոպեում կայացրած որոշմամբ չեղարկվեց նման հանձնաժողովի ստեղծումը: Ստացվում է՝ արդեն երկրորդ դեպքն է, երբ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է ամեն կերպ շրջանցել Հայկ Մարությանի հետ կապված օրենքի քննարկումը:

Բանը հասավ նույնիսկ նրան, որ երեկ իմքայլական պատգամավորները կրկին անցան այլ բառապաշարի, ինչն էլ զայրացրել էր Անի Սամսոնյանին, եւ նա արդեն միջանցքում էր փորձել զրուցել վերջիններիս հետ: Ամենից շատ իրավիճակը թեժացել էր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ: «Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց Ձեզ այդքան ամբարտավանություն, բա թե՝ դուք մասնագետ չեք, ունենք փայլուն իրավաբան. սա ի՞նչ հռետորաբանություն է: Դուք մտածո՞ւմ եք, որ Ձեր որոշ գործընկների հռետորաբանությունը ազդում է Ձեր նախագծերի ընկալման վրա»,- նշել էր Դանիելյանը: Մեկ այլ պատգամավոր՝ Վաղարշակ Հակոբյանը եւս փորձել էր ամեն կերպ պիտակավորել ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագիծը: Սա բնավ պատահական չէ. իմքայլականները կրկին հանձնարարական էին ստացել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս