Կվերանա՞ ռոումինգը Հայաստանի ու Արցախի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեմայի շուրջ զրուցել ենք «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մամուլի քարտուղար Արթուր Գրիգորյանի հետ:

– Ընդհանրապես, ինչպես և ինչու հայտնվեց ռոումինգ երևույթը Հայաստանի ու Արցախի միջև:

– Կապի ծառայությունների ցանկացած օպերատոր գործում է իր լիցենզավորված տարածքում: Ռոումինգը շարժական կապի շարունակական օգտագործման հնարավորությունն է, որը բաժանորդին թույլ է տալիս հեռախոսահամարն օգտագործել իր օպերատորի լիցենզավորված աշխարհագրական տարածքից դուրս՝ օգտվելով այլ օպերատորի ցանցային ռեսուրսներից: Երբ 90-ականների կեսերին Հայաստանում ստեղծվեց առաջին բջջային ցանցը, օպերատորին տրվեց ՀՀ տարածքում գործելու լիցենզիա: Արցախը մնաց «խաղից դուրս»՝ բոլոր իմաստներով. առանց բջջային կապի, ունենալով միայն հին խորհրդային լարային հեռախոսային ցանց: Այն էլ՝ ոչ ամենուր:

– Ե՞վ…

– Արցախում ստեղծվեց սեփական հեռահաղորդակցային ընկերություն՝ «Ղարաբաղ Տելեկոմը»: Դա արդեն 2000-ականների սկզբին էր: Լիցենզիան տրամադրեց Արցախի կառավարությունը, գործողության տարածք սահմանվեց Արցախի Հանրապետությունը: Կատարվեց տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում, կառուցվեց բջջային ցանց, թվային ֆիքսված հեռախոսակայան: Եվ որպեսզի բաժանորդները կարողանան շարունակաբար օգտվել կապի ծառայություններից, ՀՀ և Արցախի օպերատորները կնքեցին ռոումինգ պայմանագիր: Հետագայում հայաստանյան մյուս 2 օպերատորների հետ ևս: Սա է ամբողջ պատմությունը:

Ռոումինգը միակողմանի երևույթ չէ, մեկի ցանկությամբ չէ: Այն միշտ ունի առնվազն 2 կողմ: «Ղարաբաղ Տելեկոմն» ու ՀՀ օպերատորները փորձել են տեխնիկապես առավերագույնս պարզեցնել ցանցերի փոխկապակցումը՝ նվազեցնելու համար ռոումինգի ինքնարժեքը, որպես արդյունք՝ վերջնական գինը բաժանորդի համար: Սակայն ոչ ամենն է տեխնիկապես հաջողվել: ՀՀ օպերատորներից մեկի հետ տվյալների մի մասի փոխանցումը դեռևս իրականացվում է միջազգային ընկերության խողովակով: Ռոումինգային հարաբերությունները կարգավորում է միջազգային կառույց՝ Բջջային Հաղորդակցության Համաշխարհային Համակարգը (GSMA), հսկելով, որ անդամ-օպերատորները գործունեություն ծավալեն իրենց լիցենզավորման տարածքում: Ի դեպ, ժամանակին «Ղարաբաղ Տելեկոմն» էլ էր GSMA-ի մաս կազմում, սակայն Ընկերության անդամակցությունը կասեցվեց հարևան երկրի ակտիվ բողոքարկման հետևանքով:

-Կարելի՞ էր. կամ հնարավո՞ր էր խուսափել դրանից: Ի՞նչ քայլեր պետք էր ձեռնարկել, որպեսզի ռոումինգ չլիներ Հայաստանի ու Արցախի միջև:

– Անգամ տեսականորեն դժվար է դա պատկերացնել: Դրա համար նախ անհրաժեշտ էր, որ հենց սկզբում հայաստանյան օպերատորը համաձայներ կամ ցանկություն ունենար աշխատել նաև Արցախում: Բայց այդ դեպքում նա կհեռացվեր միջազգային համագործակցությունից, չէր կարողանա իր բաժանորդների համար ռոումինգ ապահովել այդ երկրներում, որից ստացվող եկամուտն անհամեմատելիորեն բարձր էր արցախյան ուղղությամբ ստացածից: Ի դեպ, սա ճիշտ է նաև ներկա ժամանակով: Արցախն առայժմ ճանաչված չէ, և այնտեղ գործունեության ծավալող ո՛չ տեղական, արտերկրյա ցանկացած հայտնի ընկերությանը վաղ թե ուշ հարցեր են ուղղելու: Մեկ օրինակ. «Ղարաբաղ Տելեկոմը» ցանցի արդիականացման համար մոտ 2 տարի ծախսեց միայն տեխնիկայի մատակարարի փնտրտուքի վրա:

– Ռոումինգի գործող սակագինն արդա՞ր եք համարում:

– Հիշո՞ւմ եք բջջային կապի արշալույսին՝ 90-ականների կեսերին Հայաստանում մեկ րոպեի գինը: Պետք չէ հիշել, սարսափելի էր: Դրանից 10 տարի անց, 2007-ին Հայաստանից Արցախ զանգի սակագինը դեռ 70դր/ր էր: Հիմա այն արդեն զանգ է որպես ՀՀ այլ օպերատորի ցանց: Նույնպիսի նվազում տեղի է ունեցել ռոումինգի պարագայում: Եվ դեռ նվազելու է: Այնպես որ, «գործողն» այսօր մեկ թիվ է, վաղը՝ մեկ այլ: Բայց 0 դառնալ չի կարող: Որովհետև քո բաժանորդին այլ ցանցում և նրա բաժանորդին քո ցանցում սպասարկելը օպերատորի համար ծախս է:

– «Վաղը» կարո՞ղ է ռոումինգը վերանալ: Ենթադրենք, հակամարտությունը կարգավորվեց, Արցախի կարգավիճակում մտավ որոշակիություն:

– Տեսականորեն՝ այո, եթե այդ որոշակիությունը նշանակում է, որ Արցախը միջազգայնորեն ճանաչվում է Հայաստանի մաս: Դա անհրաժեշտ պայմանն է: Դրանից հետո առաջին պլան է գալու բիզնես հաշվարկը: ՀՀ օպերատորներին ձեռնտու կլինի՞ նոր բջջային ցանց կառուցել Արցախում կամ «Ղարաբաղ Տելեկոմին»՝ Հայաստանում: Դժվար է աներկբա պնդում անել, քանի որ խոսքը մեծ գումարների մասին է, իսկ մեր շուկաները՝ արցախյան թե հայաստանյան, այդքան էլ մեծ չեն, եթե չասեմ՝ շատ փոքր են: Կապրենք, կտեսնենք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս