«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր բանակում 2020 թվականի ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերին: Եվ ահա երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. ՊԲ տարբեր զորամասերի երկու ժամկետային զինծառայողներ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան են եղել:
Ի դեպ, զինվորները եղել են խրամատներում: Մեկը, ըստ նախնական վարկածի, մահացել է ժամը 11:00-ի սահմաններում, իսկ մյուս զինվորը ժամը 13:00-ի սահմաններում: Երեկ ողջ օրը, դեպքի վայրում աշխատում էին իրավապահները հասկանալու համար, թե տղաները իրենք են արդյոք կրակել իրենց, թե նրանց սպանել են: Նկատենք, որ սա 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածում 10-րդ մահվան դեպքն է:
Նշենք, որ զինծառայողներից մեկը 2000թվականին ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է: Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը: Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր: Վերջինս Երեւանից էր, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը:
Զինվորների մահվա դեպքով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել:
Սակայն այս իրավիճակում մտահոգիչ է մեկ հանգամանք: Երեկ ողջ օրը բոլորը սգում էին զինվորների մահը, ավելին հասարակությունը մտահոգություն էր հայտնում , թե ինչ է կատարվում զորամասերում , որ զինվորները գնում են այդ քայլին: Իսկ ահա Զինված ուժերի Գլխավոր շտաբը գոնե ցավակցեր որդեկորույս ընտանիքներին կամ կատարվածի մասով մտահոգություն հայտներ, ընկած քաղաքական հայտարարություն էր անում:
Մասնավորապես ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնել էր, թե լրատվամիջոցներից մեկում Օրսիս ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Եվ դեռ ավելին հայտնել էր, թե փորձում են ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Սամվել Ասատրյանը լավ կլիներ Գլխավոր շտաբի պետին հայտներ, որ զինվոր ենք կորցրել սահմանին եւ հիմա քաղաքական հայտարարություն անելու ժամանակը չէ, եւ դեռ ավելին` ինչ գործ ունի գլխավոր շտաբը՝ իր քիթը մտցնում է քաղաքական գործընթացների մեջ, դրա համար կա Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն: Իսկ ահա զինված ուժերի գլխավոր շտաբի պարտականությունն է հսկել իրավիճակը Զինված ուժերում, այլ ոչ թե զբաղվել քաղաքական հայտարարություններով:
ԳՇ պետի այս գործելաոճը մեկ բան է ցույց տալիս, որ նա իրավիճակին չի տիրապետում, այլ զբաղված է կոնկրետ անձանց շահերը պաշտպանելու գործընթացով: