«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե ինչ գործ ունի իր կինը` ազգությամբ չեխ Իվան, քաղաքապետարանում և ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին լհաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։ Հիմա մեր աղբյուրները այլ, ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Մասնավորապես այն, որ Երեւանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երեւանի քաղաքապետին կամ նրա կնոջը:
Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան այսպեսասած պրարաբն է եղել: Վարչության պետից հետաքրքրվեցինք` ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երեւան քաղաքում: Մայրաքաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչու մենք Երեւանում հեղափոխություն չենք նկատում:
«Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է… Երեւանում միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները… : Մեզ մոտ միայն փոսանորոգում է արվում: 4,5 -5 սմ տաշում ենք ասֆալտը եւ նոր ասֆալտ ենք փռում»,- նշեց Մարությանի տան շինարար վարչության պետը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում