Սահմանադրության հարցով Արմեն Սարգսյանը քննարկումներ կսկսի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը. այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»: Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այդ ընթացակարգին:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը կրկին հարցում ուղարկեց ՀՀ նախագահի անունով՝ խնդրելով պարզաբանել դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ: Եվ, ահա, ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը», – նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս