Հանրությունը կարիք ունի հասկանալու՝ ինչու «Այո» կամ «Ոչ». Սուրեն Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը. այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»:

Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այդ ընթացակարգին:

Այս կապակցությամբ ArmLur.am-ը  զրուցել է «Քաղաքացիական որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը: Այսինքն Սահմանադրության հարցով նախագահը քննարկումներ կսկսի: Դուք ինչպե՞ս կգնահատեք նախագահի այս քայլը:

-Շատ լավ եմ վերաբերվում. բոլոր հարցերը պետք է շատ լավ քննարկվեն: Եթե նախագահը կարիք ունի հասկանալու, իհարկե պետք է իրականացնի քննարկումներ, բայց ես կարծում եմ, որ հասարակությունը, նույնպես կարիք ունի հասկանալու, թե ինչու է գնում «Այո» ասի, ինչու՝ «Ոչ»:

-Ուզում եք, ասել, որ հանրության համար դեռևս պարզ չէ՞, թե ինչու պետք է մասնակցի ապրիլի 5-ի հանրաքվեին:

-Ես կարծում եմ, որ քվերակողների կեսը, եթե ոչ ավելին, չգիտեն էլ, թե ինչ հարց է քննարկվում, ինչո՞ւ Սահմանադրական փոփոխություններ, երբ ընդամենը 213 հոդվածի հարցն է դրված, և վստահ չեմ, որ բոլորն են կարդացել, թե այդ հոդվածն ինչի մասին է:

-Ձեր կարծիքով՝ սա իշխանությունների բա՞ցն է, որ հանրությունն ըստ արժանվույն տեղեկացված չէ:

– Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այն չի կարող լինել մի կուսակցություն, մի քաղաքական ուժ: Եթե խոսքը կառավարող ուժի մասին է, ապա այո՛, դա բաց է, ինչի մասին ասես խոսում են՝ գնում ենք այո ասենք, որպեսզի հները չգան, հետ քայլ չլինի. չգիտեմ, ամեն ինչ ասում են, բայց ընդամենը 213 հոդվածով նախատեսված դատավորներն, այլևս դատավոր չեն լինելու:

Լիդա Եղիազարյան




Լրահոս